Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ …

1 Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։

2 Պահի՛ր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։

3 Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա։

4 Իմաստությանն ասա՛. «Իմ քույրն ես», և ըմբռնողությանը* «Բարեկա՛մ» կոչիր,

5 Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։

Անբարոյական կինը

6 Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի

7 Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու,

8 Որը փողոցով անցնում էր այն կնոջ տան անկյան մոտով և նրա տան ճանապարհը բռնեց.

9 Մթնշաղին, երբ օրը տարաժամեց, երբ գիշերվա խավարը պատեց։

10 Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։

11 Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։

12 Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։

13 Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան.

14 «Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։

15 Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։

16 Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։

17 Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։

18 Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք,

19 Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։

20 Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է տուն գալու»։

21 Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։

22 Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը*՝ պատժվելու*։

23 Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։

24 Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։

25 Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։

26 Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։

27 Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։

 

*7.4 Բռց. իմացություն։

*7.22 Բռց. հիմար։

*7.22 Կամ եղնիկի պես, որ խեղդակապի մեջ է բռնվում։