Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իմաստության վարձատրությունը 1 Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոս…

Իմաստության վարձատրությունը

1 Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները,

2 Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես,

3 Երբ իմացությանը* կանչես և ձայն տաս խոհեմությանը,

4 Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես,

5 Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։

6 Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։

7 Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,

8 Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։

9 Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։

10 Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։

11 Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ,

12 Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց,

13 Նրանցից, որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան,

14 Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։

15 Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ,

16 Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում.

17 Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։

18 Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։

19 Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։

20 Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես,

21 Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։

22 Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։

*2.3 Բռց. ըմբռնողություն։