Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մաշկի ուռուցքների մասին օրենքներ 1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարո…

Մաշկի ուռուցքների մասին օրենքներ

1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Եթե մի մարդու մարմնի մաշկի վրա պալար կամ քոս կամ բշտիկ երևա, և դա նրա մարմնի մաշկի վրա բորոտության ախտ դառնա, այն ժամանակ նա թող տարվի Ահարոն քահանայի կամ նրա որդիների՝ քահանաներից մեկի մոտ։ 3 Քահանան թող զննի նրա մարմնի մաշկի վրա եղած վերքը։ Եթե վերքի մեջ գտնվող մազերը սպիտակ են դարձել, և վերքը խոր է երևում, ուրեմն դա բորոտության ախտ է։ Քահանան պետք է զննի նրան և անմաքուր հայտարարի նրան։ 4 Իսկ եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկն սպիտակ է և մաշկից ավելի խոր չի երևում, ու մազն էլ սպիտակի չի փոխվել, այն ժամանակ քահանան թող յոթ օր արգելափակված պահի ախտակրին։ 5 Քահանան յոթերորդ օրը թող զննի նրան, և եթե վերքը նույն ձևով մնացել է ու չի տարածվել մաշկի վրա, ապա քահանան թող նրան արգելափակված պահի ևս յոթ օր։ 6 Քահանան յոթերորդ օրը դարձյալ թող զննի նրան, և եթե վերքը թեթև նկատելի է ու չի տարածվել մաշկի վրա, քահանան պետք է մաքուր հայտարարի. դա քոս է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր կլինի։ 7 Բայց եթե քոսը տարածվի մաշկի վրա նրա մաքրվելու համար քահանայի կողմից նրա զննվելուց հետո, նա պետք է դարձյալ ներկայանա քահանային, 8 և քահանան զննի, և եթե քոսը տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան. դա բորոտություն է։

9 Ուրեմն, երբ մի մարդու վրա բորոտության ախտ լինի, նա պետք է տարվի քահանայի մոտ։ 10 Քահանան պետք է զննի, և եթե մաշկի վրա սպիտակ պալար կա, ու սպիտակի է փոխվել մազը, և պալարի մեջ էլ առողջ մսի կտոր կա, 11 ապա դա հնացած բորոտություն է նրա մարմնի մաշկի վրա։ Քահանան անմաքուր պետք է հայտարարի նրան և արգելափակված չպահի նրան, որովհետև նա անմաքուր է։

12 Եթե բորոտությունը տարածվել է մաշկի վրա և ծածկել ախտակրի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, այսինքն՝ քահանայի աչքերի տեսած բոլոր տեղերը բորոտությունը պատել է, 13 և քահանան տեսնի, որ բորոտությունը պատել է նրա ամբողջ մարմինը, ապա մաքուր պետք է հայտարարի ախտակրին, քանի որ ամբողջովին սպիտակի է փոխվել. նա մաքուր է։ 14 Բայց այն օրը, երբ նրա վրա առողջ միս նկատվի, նա անմաքուր պետք է համարվի։ 15 Քահանան, տեսնելով առողջ միսը, նրան անմաքուր պետք է հայտարարի. առողջ միսը անմաքուր է. դա բորոտություն է։ 16 Իսկ եթե առողջ միսը դարձյալ սպիտակի փոխվի, այն ժամանակ քահանայի մոտ պետք է գա։ 17 Քահանան պետք է զննի նրան, և եթե վերքը սպիտակի է փոխվել, ապա քահանան թող մաքուր հայտարարի ախտակրին. նա մաքուր է։

18 Եթե մարմնի մաշկի վրա պալար լինի, և դա լավանա, 19 և պալարի տեղում սպիտակ ուռուցք կամ կարմրավուն սպիտակ բշտիկ երևա, նա պետք է դիմի քահանային։ 20 Քահանան թող զննի նրան. եթե մաշկից ցած երևա, և մազն էլ փոխված լինի սպիտակի, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան։ Դա պալարից տարածված բորոտության ախտ է։ 21 Եթե քահանան տեսնի, որ սպիտակ մազ չկա դրա մեջ, և մաշկից ցած չէ, այլ թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։ 22 Եթե տարածվի մաշկի վրա, այն ժամանակ քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան. դա ախտ է։ 23 Բայց եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել, ապա դա պալարի սպի է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի։

24 Եթե մարմնի մաշկի վրա կրակի այրվածք լինի, և այրվածքի տեղում կարմրավուն սպիտակ կամ սպիտակ բշտիկ երևա, 25 և քահանան զննի այն ու նկատի, որ բշտիկի վրայի մազը սպիտակ է դարձել և մաշկից խոր է երևում, դա այրվածքից առաջացած բորոտություն է։ Քահանան նրան պետք է անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։ 26 Բայց եթե քահանան տեսնի, որ բշտիկի վրա սպիտակ մազ չկա, և մաշկից խոր չէ ու թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։ 27 Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։ 28 Իսկ եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել մաշկի վրա և թեթև նկատելի է, ուրեմն դա այրվածքի ուռուցքն է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի, որովհետև դա այրվածքի սպին է։

29 Եթե մի տղամարդու կամ մի կնոջ գլխի կամ ծնոտի վրա վերք լինի, 30 քահանան պետք է զննի այդ վերքը։ Եթե դա մաշկից խոր երևա, և դրա վրա բարակ դեղնավուն մազ լինի, ապա քահանան թող անմաքուր հայտարարի նրան. դա գոնջություն է՝ գլխի կամ ծնոտի բորոտություն։ 31 Եթե քահանան տեսնի, որ գոնջության վերքը մաշկից խոր չէ, և դրա մեջ սև մազ չկա, ապա քահանան թող յոթ օր արգելափակված պահի գոնջությամբ վարակվածին։ 32 Յոթերորդ օրը քահանան թող զննի ախտակրին։ Եթե գոնջությունը չի տարածվել, և դրա մեջ դեղնավուն մազ չկա, ու գոնջությունը մաշկից խոր չէ, 33 թող ածիլվի, բայց գոնջության տեղը չածիլի։ Քահանան կրկին յոթ օր պետք է արգելափակված պահի գոնջություն ունեցողին։ 34 Յոթերորդ օրը քահանան թող զննի գոնջություն ունեցողին։ Եթե գոնջությունը մաշկի վրա չի տարածվել և խոր չէ, քան մաշկը, այն ժամանակ քահանան նրան պետք է մաքուր հայտարարի, և նա իր զգեստները պետք է լվանա ու մաքուր լինի։ 35 Բայց եթե նրա մաքրվելուց հետո գոնջությունը մաշկի վրա տարածվի, 36 քահանան թող զննի նրան։ Եթե գոնջությունը տարածվել է մաշկի վրա, այն ժամանակ քահանան դեղնավուն մազ չփնտրի. նա անմաքուր է։ 37 Բայց եթե գոնջությունն իր ձևով մնա, և դրա մեջ սև մազ է աճել, ուրեմն գոնջությունն անցել է, և նա մաքուր է. քահանան նրան պետք է մաքուր հայտարարի։

38 Եթե մի տղամարդ կամ մի կին իր մարմնի մաշկի վրա բշտիկներ ունենա, այսինքն՝ սպիտակ բշտիկներ, 39 քահանան թող զննի, և եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկները խամրած սպիտակ լինեն, ապա դա մաշկի վրա գոյացած թեփուկ է. նա մաքուր է։

40 Եթե մի մարդու գլխի մազերը թափվեն, նա կունտ է, բայց մաքուր է։ 41 Եթե նրա գլխի մազերը առջևի կողմից թափվեն, նա ճաղատ է, բայց մաքուր է։ 42 Բայց եթե կնտության կամ ճաղատության մեջ մի քիչ կարմրած սպիտակ վերք լինի, դա նրա կնտության կամ ճաղատության մեջ գոյացած բորոտություն է։ 43 Այն ժամանակ քահանան թող զննի նրան։ Եթե նրա կնտության կամ ճաղատության մեջ եղած վերքի ուռուցքը մի քիչ կարմրած սպիտակ լինի մարմնի մաշկի վրա եղած բորոտության ախտանշանի պես, 44 այդ մարդը բորոտ է, անմաքուր է։ Քահանան անպատճառ պետք է անմաքուր հայտարարի նրան. նրա ախտը նրա գլխի վրա է։

45 Ախտ ունեցող բորոտի հագուստը պատռված պետք է լինի. նրա գլուխը բաց, և նրա շրթունքները ծածկված պետք է լինեն։ Նա պետք է բացականչի. “Անմաքուր, անմաքուր”։ 46 Բոլոր օրերին, քանի դեռ վերքը նրա վրա է, նա անմաքուր պիտի համարվի։ Նա անմաքուր է. մենակ պետք է մնա. նրա բնակավայրը բանակատեղիից դուրս պետք է լինի։

Բորոտության մասին օրենքներ

47 Այն հագուստը, որի վրա բորոտության ախտանշան կա, դա լինի բրդե հագուստ, թե կտավե հագուստ, 48 Կտավից թե բրդից գործված, հենքի* կամ թևքի* մեջ, կաշվի վրա թե կաշվից շինված որևէ բանի վրա, 49 այսինքն՝ հագուստի կամ կաշվի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա կանաչավուն կամ կարմրած ախտանշան լինի, դա բորոտության ախտ է. պետք է ցույց տրվի քահանային։ 50 Քահանան պետք է զննի ախտը և յոթ օր մեկուսացված պահի ախտահարված բանը։ 51 Յոթերորդ օրը պետք է զննի ախտահարված բանը. եթե տարածվել է հագուստի վրա, հենքի կամ թևքի մեջ, կամ կաշվի վրա կամ գործածության համար կաշվից շինված որևէ բանի վրա, այդ ախտը բորբոքվող բորոտություն է. անմաքուր է։ 52 Այն ժամանակ նա պետք է այրի բրդե կամ կտավե հագուստը կամ հենքը, կամ թևքը և կամ կաշվից պատրաստված որևէ բան, որի մեջ այդ ախտանշանը կա։ Քանի որ դա բորբոքված բորոտություն է, պետք է այրվի կրակով։ 53 Բայց եթե քահանան տեսնի, որ ախտը չի տարածվել հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի մեջ, 54 այդ ժամանակ քահանան թող հրամայի, որ լվանան ախտահարված բանը, և կրկին յոթ օր այն մեկուսացված պահի։ 55 Ախտահարված բանը լվացվելուց հետո քահանան թող զննի. եթե ախտը իր տեսքը չի փոխել և չի տարածվել, այն անմաքուր է. պետք է այրվի կրակով. դրա աստառի մեջ կամ երեսին փտություն կա։ 56 Իսկ եթե քահանան տեսնի, որ լվացվելուց հետո ախտը թեթև նկատելի է, այն ժամանակ այդ մասը թող պատռի-անջատի հագուստից կամ կաշվից, կամ հենքից և կամ թևքից։ 57 Եթե ախտը դարձյալ երևա այդ հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա, դա տարածված բորոտություն է. իր վրա ախտ ունեցող բանը պետք է կրակով այրես։ 58 Այն զգեստը կամ հենքը կամ թևքը և կամ կաշվից շինված ամեն տեսակ բան, որ լվացվելուց հետո ախտը դուրս է գալիս դրանից, կրկին պետք է լվացվի և մաքուր կլինի։ 59 Այս է բրդե կամ կտավե զգեստի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա երևացող բորոտության ախտի օրենքը՝ դա մաքուր կամ անմաքուր հայտարարելու համար»։

 

*13.48 Առեչի։

*13.48 Թեզանի։