Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 «Երբ մարդկանց միջև վեճ առաջանա, դատարան թող գնան, և դատա…

1 «Երբ մարդկանց միջև վեճ առաջանա, դատարան թող գնան, և դատավորները դատեն նրանց. արդարին արդարացնեն, իսկ հանցավորին դատապարտեն։ 2 Եթե հանցավորը ծեծի է արժանի, դատավորը գետին պառկեցնել տա նրան և իր ներկայությամբ նրա հանցանքի ծանրության համեմատական թվով հարվածել տա։ 3 Քառասուն հարվածից ավելի չպետք է խփել տա. միգուցե դրանից ավելի հարվածներ ստանալով՝ քո եղբայրն անարգվի քո աչքի առաջ։

4 Կալում աշխատող եզան դունչը չկապես։

Պարտականություններ մահացած եղբոր հանդեպ

5 Երբ եղբայրները միասին բնակվեն, և նրանցից մեկը մեռնի առանց զավակ ունենալու, մեռնողի կինը դրսում օտար մարդու հետ չպիտի ամուսնանա։ Նրա տագրը պիտի մոտենա նրան, կնության առնի և կատարի տագրության պարտականությունը նրա հանդեպ։ 6 Առաջին զավակը, որ նա կծնի, կկրի մահացած եղբոր անունը, որպեսզի նրա անունն Իսրայելից չջնջվի։ 7 Իսկ եթե այդ մարդը չուզենա ամուսնանալ իր հարսի հետ, այն ժամանակ նրա հարսը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ, ծերերի առջև և ասի նրանց. “Իմ տագրը հրաժարվում է Իսրայելում իր եղբոր անունը հաստատելուց. նա չի ուզում տագրության պարտականությունը հատուցել ինձ”։ 8 Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը և խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ”, 9 այն ժամանակ հարսը կմոտենա նրան, ծերերի առաջ, նրա ոտքից կհանի կոշիկը, կթքի նրա երեսին և պատասխան տալով՝ կասի. “Այսպես թող արվի այն մարդուն, որը չի վերականգնում իր եղբոր տունը”։ 10 Նրա անունն Իսրայելում “Կոշկահան արված մարդու տունը” կլինի։

Ուրիշ օրենքներ

11 Երբ երկու մարդ կռվեն միմյանց հետ, և նրանցից մեկի կինը մոտենա ազատելու իր ամուսնուն նրան հարվածողի ձեռքից ու իր ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիներից, 12 այն ժամանակ պետք է կտրես նրա ձեռքը և բնավ չպիտի խղճաս։

13 Տոպրակիդ մեջ տեսակ-տեսակ կշռաքարեր չլինեն՝ մեծ ու փոքրիկ։ 14 Քո տանը տեսակ-տեսակ չափսեր* չլինեն՝ մեծ ու փոքր։ 15 Քո կշեռքի քարը ճշգրիտ և արդար լինի, արդուդ ճշգրիտ և արդար լինի, որպեսզի կյանքիդ օրերը երկար լինեն այն երկրում, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, 16 որովհետև քո Տեր Աստծու առաջ պիղծ է բոլոր այս բաներն անողը, ամեն անիրավություն անողը։

Ամաղեկացիներին սպանելու հրահանգ

17 Հիշի՛ր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը ճանապարհին, երբ դուք դուրս էիք եկել Եգիպտոսից, 18 որ ճանապարհին ելավ քո դեմ և առանց Աստծուց վախենալու՝ կոտորեց քո ետևից գնացող բոլոր տկարներին, երբ դու հոգնած ու սպառված էիր։ 19 Երբ քո Տեր Աստվածը քո շուրջը գտնվող քո բոլոր թշնամիներից հանգստացնի քեզ այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ է տալու իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան, այն ժամանակ կջնջես Ամաղեկի հիշատակը երկնքի տակից. չմոռանաս»։

*25.14 Արդուներ։