Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տասը կույսերի առակը 1 «Այդ ժամանակ երկնքի արքայությունը…
Տասը կույսերի առակը
1 «Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու։ 2 Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։ 3 Հիմարներն իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձեթ չառան։ 4 Սակայն իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ 5 Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին։ 6 Եվ կեսգիշերին աղաղակ ելավ. "Ահա փեսան գալիս է, դո՛ւրս ելեք նրան դիմավորելու"։ 7 Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։ 8 Հիմարներն իմաստուններին ասացին. "Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են"։ 9 Իմաստունները պատասխանեցին ու ասացին. "Չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի։ Ավելի լավ է՝ վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք"։ 10 Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ. ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան, և դուռը փակվեց։ 11 Հետո եկան նաև մյուս կույսերը և ասացին. "Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա մեզ համար"։ 12 Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում"։ 13 Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը։
Երեք ծառաների առակը
(Ղուկ. 19.11-27)
14 Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց հանձնեց. 15 մեկին հինգ քանքար* տվեց, մեկին՝ երկու, մյուսին՝ մեկ. յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության, և մեկնեց։ 16 Նա, ով հինգ քանքար էր ստացել, դրանցով գործարք արեց և հինգ քանքար ևս շահեց։ 17 Նույնպես և նա, ով երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։ 18 Իսկ նա, ով մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց ու իր տիրոջ արծաթը թաքցրեց։ 19 Եվ շատ ժամանակ անց ծառաների տերը եկավ ու նրանցից հաշիվ պահանջեց։ 20 Նրա մոտ եկավ հինգ քանքար ստացողը, բերեց ևս հինգ քանքար ու ասաց. "Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. ահա դրանցով ես հինգ քանքար ևս շահեցի"։ 21 Եվ նրա տերը նրան ասաց. "Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ"։ 22 Նրա մոտ եկավ նաև երկու քանքար ստացողը և ասաց. "Տե՛ր, ինձ երկու քանքար տվեցիր. տե՛ս, ես դրանցով երկու քանքար ևս շահեցի"։ 23 Նրա տերն ասաց նրան. "Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ"։ 24 Նրա մոտ եկավ մեկ քանքար ստացողը ևս ու ասաց. "Տե՛ր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես. հնձում ես այնտեղ, ուր չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ 25 Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը"։ 26 Նրա տերը պատասխանեց և ասաց. "Չար ու ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ 27 Ուրեմն դու պետք է իմ արծաթը դրամափոխների մոտ դնեիր, որ երբ ես գայի, իմ ունեցածը տոկոսով ստանայի։ 28 Արդ, վերցրե՛ք սրանից քանքարը և տասը քանքար ունեցողի՛ն տվեք։ 29 Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ 30 Իսկ այդ անպիտան ծառային գցե՛ք խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց"։
Վերջին դատաստանը
31 Եվ երբ Մարդու Որդին իր փառքով գա, և նրա հետ էլ՝ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ 32 Եվ բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն, ու նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարները այծերից։ 33 Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում։
34 Այդ ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի. "Եկե՛ք, իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ 35 Որովհետև քաղցած էի, և դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ ձեզ մոտ ընդունեցիք, 36 մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք"։ 37 Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն. "Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ ու խմելու բան տվեցինք։ 38 Ե՞րբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։ 39 Ե՞րբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք"։ 40 Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք"։
41 Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. "Անիծյալնե՛ր, ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։ 42 Որովհետև քաղցած էի, և ինձ չկերակրեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան չտվեցիք, 43 օտար էի, և ինձ ձեզ մոտ չընդունեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ ու բանտում էի, և ինձ չայցելեցիք"։ 44 Այդ ժամանակ նրանք էլ կպատասխանեն ու կասեն. "Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում տեսանք և քեզ չծառայեցինք"։ 45 Այդժամ նրանց կպատասխանի ու կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին չարեցիք, ինձ էլ չարեցիք"։
46 Եվ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։
*25.15 Այսինքն՝ «15 տարվա աշխատավարձ»։