Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Առակների արժեքը 1 Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակնե…

Առակների արժեքը

1 Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակները.

2 Իմաստություն և խրատ* գիտենալու և հանճարի* խոսքերը ըմբռնելու համար,

3 Ուշիմության խրատը՝ արդարություն, իրավունք և ուղղամտություն ընդունելու համար.

4 Միամիտներին խորագիտություն տալու համար, երիտասարդին՝ գիտություն և խելամտություն։

5 Իմաստունը թող լսի և ավելացնի հմտությունը, իսկ ողջամիտը առաջնորդություն ստանա,

6 Որպեսզի հասկանա առակ և այլաբանություն, իմաստունների խոսքերն ու խրթնաբանությունները։

Խրատ երիտասարդներին

7 Իմաստության* սկիզբը Տիրոջ երկյուղն է. հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը։

8 Որդյա՛կ իմ, լսի՛ր քո հոր խրատը և մի՛ մերժիր մորդ ուսուցումը,

9 Որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին և մանյակներ՝ քո պարանոցին։

10 Որդյա՛կ իմ, եթե քեզ հրապուրեն մեղավորները, դու հավանություն չտաս։

11 Եթե ասեն. «Մեզ հետ ե՛կ, արյան համար դարանամուտ լինենք, զուր տեղը թաքնվենք անմեղ մարդու դեմ.

12 Դժոխքի պես նրանց ողջ-ողջ կուլ տանք և ամբողջովին՝ գերեզման իջնողների պես.

13 Ամեն տեսակ թանկարժեք ունեցվածք գտնենք, մեր տներն ավարով լցնենք։

14 Մեզ միացի՛ր*, մեր բոլորի քսակը թող մեկը լինի»,

15 Որդյա՛կ իմ, նրանց հետ ճանապարհ մի՛ գնա, ոտքդ ե՛տ պահիր նրանց ուղիներից,

16 Որովհետև նրանց ոտքերը չարության են վազում և շտապում են արյուն թափելու։

17 Որովհետև իզուր է բոլոր թևավորների աչքի առաջ ցանց գցելը։

18 Բայց նրանք դարանամուտ են լինում իրենց իսկ արյանը, դարանակալում են իրենց անձերի դեմ։

19 Այսպիսին են ագահությամբ վաստակողների շավիղները. ագահությունը հափշտակում է իր տիրոջ հոգին։

Իմաստության կանչը

20 Իմաստությունը ճանապարհներին աղաղակում է, հրապարակներում ձայն տալիս.

21 Նա կանչում է աղմկալից փողոցների գլխին, քաղաքի դարպասների մուտքերում, խոսում իր խոսքերը։

22 Ո՛վ միամիտներ, մինչև ե՞րբ պիտի միամտություն սիրեք, և ծաղր անելը մինչև ե՞րբ հաճելի պիտի լինի ծաղր անողներին, իսկ անմիտներն ատեն գիտությունը.

23 Ուշադի՛ր եղեք իմ հանդիմանությանը. ահա ես իմ հոգին ձեզ վրա կթափեմ և իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ։

24 Որովհետև ես կանչեցի, իսկ դուք մերժեցիք, ձեռքս մեկնեցի, բայց ուշադրություն դարձնող չկար,

25 Դուք չընդունեցիք իմ բոլոր խորհուրդները և անտեսեցիք իմ հանդիմանությունը,

26 Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառության վրա և կծաղրեմ, երբ ձեր սարսափը գա։

27 Երբ որ փոթորիկի պես կգա ձեր սարսափը, և մրրիկի նման կհասնի ձեր թշվառությունը, երբ որ ձեզ վրա նեղություն և տառապանք կգա,

28 Այն ժամանակ կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի։

29 Որովհետև ատեցին գիտությունը և Տիրոջ երկյուղը չընտրեցին։

30 Իմ խորհուրդը չընդունեցին, իմ բոլոր հադիմանություններն անտեսեցին։

31 Ուրեմն նրանք իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն և իրենց խորհուրդներով կշտանան։

32 Որովհետև միամիտների խոտորումը նրանց պիտի սպանի, և անմիտների անհոգությունը պիտի կործանի նրանց։

33 Սակայն ինձ լսողը ապահով կապրի և հանգիստ կլինի չարիքի սարսափից։

 

*1.2 Խրատ. Առակներ գրքում ունի նաև դաստիարակելու, սաստելու իմաստային նրբերանգ։

*1.2 Հանճար. Առակներ գրքում ունի նաև ըմբռնելու իմաստ՝ ողջամիտ։

*1.7 Բռց. գիտություն։

*1.14 Բռց. վիճակդ մեր մեջ գցիր։