Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հույսի մեկ այլ խոստում 1 Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Ե…
Հույսի մեկ այլ խոստում
1 Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Երեմիային, երբ նա տակավին արգելափակված էր բանտի գավթում, և ասաց. 2 «Այսպես է ասում Տերը՝ տիեզերքը արարողը*, Տերը, որն այն կազմեց, որ հաստատի այն. նրա անունը Տեր է։ 3 “Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել”։ 4 Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այս քաղաքի տների մասին և Հուդայի թագավորի տների մասին, որ քանդվել են ամրությունների և սրի դեմ պաշտպանության պատճառով. 5 “Քաղդեացիների դեմ պատերազմելու են գալիս, որպեսզի դրանք լցվեն մարդկանց դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկությամբ և իմ զայրույթով, որովհետև այս քաղաքից ես ծածկել եմ իմ դեմքը՝ նրանց ամբողջ չարության պատճառով։ 6 Ահա ես նրա վրա առողջություն և բժշկություն եմ բերելու և պիտի բուժեմ նրանց, խաղաղության և ճշմարտության* առատությունը պիտի հայտնեմ նրանց։ 7 Ես պիտի վերադարձնեմ Հուդայի գերյալներին և Իսրայելի գերյալներին և նրանց պիտի վերակառուցեմ առաջվա նման։ 8 Եվ նրանց պիտի մաքրեմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին իմ դեմ, և պիտի ներեմ նրանց բոլոր անօրենությունները, որոնցով մեղանչեցին և ապստամբեցին իմ դեմ։ 9 Եվ նա ինձ համար ցնծության անուն պիտի լինի, գովաբանություն ու պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կլսեն այն բոլոր բարիքների մասին, որ ես անելու եմ նրանց, և նրանք պիտի սարսափեն ու դողան այն բոլոր բարիքների համար և այն ամբողջ բարօրության համար, որ ես տալու եմ նրան”»։
10 Տերն այսպես է ասում. «Այստեղ, որի համար դուք ասում եք՝ “Ավերակ է, առանց մարդու և անասունի”, Հուդայի քաղաքներում, Երուսաղեմի փողոցներում, որոնք ամայի են դարձել, առանց բնակչի՝ առանց մարդու և առանց անասունի, 11 դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհության ընծա բերելով, ասում են. “Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը”։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։ 12 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այստեղ, որ ավերակ է, առանց մարդու և անասունի, նրա բոլոր քաղաքներում կրկին հոտեր մակաղեցնող հովիվների կացարաններ պիտի լինեն։ 13 Լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում ու հարավային քաղաքներում և Բենիամինի երկրում ու Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ հոտեր են անցնելու նրանք համրողի ձեռքի տակով»,- ասում է Տերը։
14 «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։ 15 Այն օրերին և այն ժամանակ ես Դավթի համար արդարության մի շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում։ 16 Այն օրերին Հուդան պիտի ազատվի, և Երուսաղեմը անվտանգ պիտի բնակվի, և այսպես պիտի կոչվի նա՝ Տերը՝ մեր արդարությունը»։ 17 Որովհետև Տերն այսպես է ասում. «Դավթից Իսրայելի տան գահի վրա նստող մարդ չպիտի պակասի։ 18 Եվ ղևտացի քահանաներից իմ առաջ մշտապես ողջակեզ մատուցող, հացի ընծա նվիրող և զոհ անող մարդ չպիտի պակասի»։ 19 Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. 20 «Այսպես է ասում Տերը. “Եթե կարողանաք խափանել իմ ուխտը ցերեկվա հետ և իմ ուխտը գիշերվա հետ, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, ապա 21 կխափանվի նաև իմ ուխտը իմ ծառա Դավթի հետ, որ նա իր գահի վրա թագավորող որդի չունենա, նույնպես և ինձ ծառայություն անող ղևտացի քահանաների հետ։ 22 Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայություն անող ղևտացիներին”»։
23 Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. 24 «Չե՞ս տեսնում, թե ի՛նչ է խոսում այս ժողովուրդը՝ ասելով. “Տերը մերժել է այն երկու ազգատոհմերին, որոնց ընտրել էր”։ Նրանք անարգում են իմ ժողովրդին, կարծես այլևս ազգ չլինի նրանց առաջ»։ 25 Տերն այսպես է ասում. «Եթե ես ցերեկվա և գիշերվա ուխտ չեմ կնքել, երկնքի ու երկրի կանոններ չեմ դրել, 26 ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդն էլ պիտի մերժեմ, որպեսզի նրա սերնդից իշխանավորներ չդնեմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից և պիտի գթամ նրանց»։
*33.2 Բռց. անողը։
*33.6 Կամ ապահովության։