Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Խոստովանություն և թողություն Դավթի սաղմոսներից։ Իմաստության երգ։ …

Խոստովանություն և թողություն

Դավթի սաղմոսներից։ Իմաստության երգ։

1 Երանի՜ նրան, ում անօրենությունը թողություն գտավ, և ում մեղքը ծածկվեց։

2 Երանի՜ այն մարդուն, որին Տերն անօրեն չի համարում, և նենգություն չկա նրա հոգու մեջ։

3 Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց,

4 Որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թարմությունն ամռան չորություն դարձավ։ (Սելա)։

5 Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը». և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ (Սելա)։

6 Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթք պիտի անի քեզ՝ քեզ գտնելու ժամանակին. հիրավի, եթե շատ ջրերի հեղեղներ էլ ելնեն, չպիտի հասնեն նրան։

7 Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։

8 «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։

9 Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։

10 Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։

11 Ուրախացե՛ք Տիրոջով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, և ցնծությամբ աղաղակե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։