Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բորոտի բժշկումը (Մրկ. 1.40-45, Ղուկ. 5.12-16) 1 Երբ Հիսուս…
Բորոտի բժշկումը
(Մրկ. 1.40-45, Ղուկ. 5.12-16)
1 Երբ Հիսուսն իջավ լեռան վրայից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ 2 Ահա մոտեցավ մի բորոտ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ 3 Հիսուսը, ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։ 4 Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն՝ ընծա՛ մատուցիր նրանց, ինչպես որ Մովսեսն է պատվիրել»։
Հարյուրապետի ծառայի բժշկումը
(Ղուկ. 7.1-10)
5 Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան 6 և ասում. «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սարսափելի տառապում է»։ 7 Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ, կբժշկեմ նրան»։ 8 Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ 9 Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է, ծառայիս էլ թե՝ այս բա՛նն արա, և անում է»։ 10 Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա։ 11 Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ երկնքի արքայության մեջ կնստեն, 12 իսկ արքայության որդիները կգցվեն դուրս՝ արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց»։ 13 Եվ Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ»։ Եվ այդ պահին նրա ծառան բժշկվեց։
Հիսուսը շարունակում է բժշկել
(Մրկ. 1.29-34, Ղուկ. 4.38-40)
14 Երբ Հիսուսը Պետրոսի տուն եկավ, տեսավ նրա զոքանչին՝ ջերմության մեջ պառկած։ 15 Հիսուսը բռնեց նրա ձեռքից, ու ջերմությունը նրան թողեց։ Նա վեր կացավ ու ծառայում էր նրանց։ 16 Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ շատ դիվահարների բերեցին, և նա խոսքով հանեց ոգիներին ու բոլոր հիվանդներին բժշկեց, 17 որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
«Նա մեր հիվանդությունները վերցրեց
ու մեր ցավերը կրեց» (Ես. 53.4ա)։
18 Երբ Հիսուսը տեսավ իրեն շրջապատող ժողովրդի մեծ բազմությունը, աշակերտներին կարգադրեց լճի մյուս կողմն անցնել։ 19 Նրան մոտեցավ մի դպիր և ասաց. «Վարդապե՛տ, ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ գնաս»։ 20 Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց Մարդու Որդին իր գլուխը դնելու տեղ չունի»։ 21 Նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, թո՛ւյլ տուր ինձ՝ գնամ նախ հորս թաղեմ»։ 22 Հիսուսը նրան ասաց. «Արի՛ իմ հետևից և թո՛ղ մեռածներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին»։
Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
(Մրկ. 4.35-41, Ղուկ. 8.22-25)
23 Երբ Հիսուսը նավ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ 24 Հանկարծ լճի վրա այնպիսի մեծ ալեկոծություն եղավ, որ նավը ծածկվում էր ալիքներով։ Իսկ նա քնած էր։ 25 Աշակերտները մոտենալով արթնացրին նրան ու ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կորչում ենք»։ 26 Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և կատարյալ խաղաղություն եղավ։ 27 Իսկ մարդիկ զարմացան և ասում էին. «Ի՞նչ տեսակ մարդ է սա, որ հողմերն ու լիճն էլ են հնազանդվում նրան»։
Երկու դիվահարի բժշկումը
(Մրկ. 5.1-20, Ղուկ. 8.26-39)
28 Երբ անցավ լճի մյուս կողմը՝ գադարացիների երկիրը, նրան պատահեցին երկու դիվահարներ, որոնք գալիս էին գերեզմաններից։ Նրանք այնքան ահազդու էին, որ որևէ մեկը չէր կարողանում այդ ճանապարհով անցնել։ 29 Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Աստծո՛ւ Որդի։ Այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»։ 30 Եվ նրանցից հեռու խոզերի մի երամակ էր արածում։ 31 Դևերը նրան աղաչում էին ու ասում. «Եթե մեզ հանես, այն խոզերի երամակի մե՛ջ ուղարկիր»։ 32 Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք», և դևերը դուրս ելան ու խոզերի մեջ գնացին։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դեպի լիճը վազեց, և ջրի մեջ խեղդվեցին։ 33 Իսկ խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարների հետ պատահածը։ 34 Եվ ահա ողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ դուրս ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։