Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սերմնացանի առակը (Մրկ. 4.1-12, Ղուկ. 8.4-10) 1 Այդ օրը Հիս…

Սերմնացանի առակը

(Մրկ. 4.1-12, Ղուկ. 8.4-10)

1 Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ և նստեց լճի եզերքին։ 2 Նրա շուրջը ժողովրդի այնպիսի բազմություն հավաքվեց, որ նա նավակի մեջ նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը լճի եզերքին կանգնած մնաց։ 3 Եվ նրանց հետ շատ բաներ առակներով էր խոսում՝ ասելով. 4 «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ճանապարհի եզերքին ընկան, և երկնքի թռչունները եկան ու դրանք կերան։ 5 Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով։ 6 Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան։ 7 Ուրիշները փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին։ 8 Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։ 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

10 Աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Ինչո՞ւ ես նրանց հետ առակներով խոսում»։ 11 Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ։ 12 Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ 13 Դրա՛ համար եմ նրանց հետ առակներով խոսում, որ նայելով չեն տեսնում և ականջ դնելով չեն լսում ու չեն հասկանում։ 14 Եվ նրանցով է իրականանում Եսայու մարգարեությունը, որ ասում է.

"Շարունակ կլսեք ու չեք հասկանա,

անդադար կնայեք ու չեք տեսնի։

15 Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ,

և իրենց ականջներով ծանր լսեցին

և իրենց աչքերը փակեցին,

որ երբեք աչքերով չտեսնեն

և ականջներով չլսեն

և սրտով չիմանան ու դարձի չգան,

և նրանց չբժշկեմ" (Ես. 6.9-10)։

16 Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են։ 17 Որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, բազում մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին։

Հիսուսը մեկնում է սերմնացանի առակը

(Մրկ. 4.10-20, Ղուկ. 8.11-15)

18 Արդ դուք լսե՛ք սերմնացանի առակը։ 19 Ամեն ոք, ով լսում է արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը. ճանապարհի եզերքին սերմանվածը սա է։ 20 Քարքարոտ վայրում սերմանվածը նա է, ով խոսքը լսելիս իսկույն ուրախությամբ ընդունում է այն, 21 բայց քանի որ իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում է։ 22 Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում։ 23 Իսկ բարեբեր հողի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը և հասկանում ու պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ»։

Որոմների առակը

24 Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց։ 25 Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց։ 26 Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները մոտեցան նրան և ասացին. "Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր։ Ուրեմն այդ որոմը որտեղի՞ց է"։ 28 Իսկ նա ասաց նրանց. "Թշնամի մարդն է դա արել"։ Ծառաները նրան ասացին. "Հիմա ուզո՞ւմ ես՝ գնանք, դրանք քաղհանենք"։ 29 Նա ասաց. "Ո՛չ, որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք։ 30 Թողե՛ք, որ մինչև հունձքը երկուսը միասին աճեն, և հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. "Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ"»։

Մանանեխի հատիկի և թթխմորի առակը

(Մրկ. 4.30-34, Ղուկ. 13.18-21)

31 Նրանց մի առակ ևս պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց և իր արտի մեջ ցանեց։ 32 Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում»։

33 Հիսուսը մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։

34 Այս ամենը Հիսուսը ժողովրդին առակներով ասաց. նրանց հետ առանց առակի չէր խոսում, 35 որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը.

«Առակներով կբացեմ իմ բերանը,

կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները» (Սաղ. 78.2)։

Հիսուսը մեկնում է որոմների առակը

36 Այդ ժամանակ Հիսուսը թողեց ժողովրդին և տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ արտի որոմների առակը»։ 37 Նա պատասխանեց ու նրանց ասաց. «Լավ սերմը ցանողը Մարդու Որդին է, 38 իսկ արտն աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որոնք արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ 39 Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են։ 40 Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու։ 41 Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին 42 և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։ 43 Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։

Պահված գանձի, մարգարտի և ուռկանի օրինակը

44 Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։

45 Դարձյալ, երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում 46 և մի թանկագին մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն։

47 Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որ ամեն տեսակ ձուկ է հավաքում, 48 և երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին, լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ վատերը դեն նետեցին։ 49 Այսպես է լինելու նաև աշխարհի վերջում. հրեշտակները դուրս կելնեն և արդարների միջից չարերին կզատեն 50 ու նրանց կրակի հնոցը կգցեն։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։

51 Հիսուսը նրանց ասաց. «Այդ բոլորը հասկացա՞ք»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։ 52 Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում»։

Հիսուսը մերժվում է հայրենի քաղաքում

(Մրկ. 6.1-6, Ղուկ. 4.16-30)

53 Երբ Հիսուսն այս առակներն ավարտեց, այդտեղից հեռացավ։ 54 Նա եկավ իր հայրենի քաղաքը և ուսուցանում էր նրանց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին ու ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։ 55 Սա հյուսնի որդին չէ՞, սրա մայրը Մարիամ չի՞ կոչվում, իսկ եղբայրները՝ Հակոբոս, Հովսես, Սիմոն և Հուդա։ 56 Սրա քույրերը բոլորը մեզ մոտ չե՞ն։ Որտեղի՞ց սրան այս ամենը»։ 57 Եվ գայթակղվում էին նրանով։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Չկա անարգված մարգարե, եթե ոչ իր գավառում ու իր տանը»։ 58 Եվ Հիսուսը նրանց անհավատության պատճառով այնտեղ շատ հրաշքներ չգործեց։