Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փրկության աղոթք Երգողների գլխավորին։ Շուշան-Էդութի վրա։ Դավթի երգ,…

Փրկության աղոթք

Երգողների գլխավորին։ Շուշան-Էդութի վրա։ Դավթի երգ, սովորեցնելու համար. երբ նա պատերազմեց Միջագետքի ասորիների և Զոպայի ասորիների դեմ, և երբ Հովաբը Եդովմից վերադարձավ և տասներկու հազար մարդու կոտորեց Աղի ձորում։

1 Ո՜վ Աստված, մեզ դեն գցեցիր, ցրեցիր մեզ, բարկացար. ե՛տ դարձիր դեպի մեզ։

2 Դու դողացրիր երկիրը և պատռեցիր այն. բժշկի՛ր նրա կոտրած տեղերը, որովհետև երերում է։

3 Խստություն ցույց տվեցիր քո ժողովրդին. մեզ թմրության գինի խմել տվեցիր։

4 Բայց քեզնից վախեցողներին դրոշակ տվեցիր, որ բարձրացնեն ճշմարտության համար, (Սելա)։

5 Որ քո սիրելիներն ապրեն. թող փրկի քո աջը, և լսի՛ր ինձ։

6 Աստված խոսեց իր սուրբ տեղից. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։

7 Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն, և Եփրեմն իմ գլխի զորությունն է, և Հուդան՝ իմ գավազանը։

8 Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, ո՛վ փղշտացիների երկիր, ցնծա՛ ինձ համար»։

9 Ո՞վ ինձ պիտի տանի ամուր քաղաք, ո՞վ ինձ պիտի առաջնորդի մինչև Եդովմ։

10 Ո՞չ արդարև դու, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքի հետ, ո՜վ Աստված։

11 Նեղության մեջ տո՛ւր մեզ քո օգնությունը, որովհետև փուչ է մարդու օգնությունը։

12 Մենք Աստծով զորություն պիտի գործենք, և նա ոտնակոխ պիտի անի մեր թշնամիներին։