Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քուսին մոլորեցնում է Աբիսողոմին 1 Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմի…

Քուսին մոլորեցնում է Աբիսողոմին

1 Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ և վեր կենամ ու այս գիշեր հետապնդեմ Դավթին։ 2 Ես կհարձակվեմ նրա վրա, քանի որ նա հոգնած և ձեռքերը թուլացած է, կվախեցնեմ նրան, և նրա հետ եղած ամբողջ զորքը կփախչի, և կսպանեմ միայն թագավորին։ 3 Երբ ամենքը քեզ մոտ վերադառնան, բացի այն մարդուց, որին դու ես որոնում, ամբողջ ժողովուրդը կխաղաղվի»։ 4 Եվ այս խոսքը ուղիղ թվաց Աբիսողոմին և Իսրայելի բոլոր ծերերին։ 5 Ապա Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին էլ կանչե՛ք, լսենք, թե նա ինչ կասի»։ 6 Երբ Քուսին եկավ Աբիսողոմի մոտ, Աբիսողոմը նրան ասաց, թե Աքիտոփելը այսպես է ասել. «Անե՞նք նրա խոսքը, թե՞ ոչ. դո՛ւ խոսիր»։ 7 Քուսին ասաց Աբիսողոմին. «Աքիտոփելի այս անգամ տված խորհուրդը լավ չէ»։ 8 Քուսին ասաց. «Դու գիտես քո հորը և նրա մարդկանց, որ զորեղ և հոգով դառնացած են՝ ձագերը դաշտում կորցրած արջի նման. քո հայրը պատերազմի մարդ է և գիշերը չի մնա ժողովրդի հետ։ 9 Ահա հիմա նա թաքնված է կամ փոսերից մեկում, կամ մի այլ տեղ, և եթե պատահի, որ սկզբում ձերոնցից ոմանք ընկնեն, այն ժամանակ ով լսի, պիտի ասի. “Կոտորվել է Աբիսողոմի ետևից գնացող ժողովուրդը”։ 10 Եվ ինքը՝ քաջարի մարդն էլ, որի սիրտն առյուծի սրտի նման է, բոլորովին կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, որ քո հայրը զորեղ է, և նրա հետ եղած մարդիկ էլ ուժեղ են։ 11 Բայց ես խորհուրդ եմ տալիս. հավաքի՛ր քեզ մոտ ամբողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, այնքան շատ, ինչքան ավազն է ծովեզրին, և դու էլ անձամբ պատերազմի՛ գնա նրանց հետ։ 12 Այդ ժամանակ նրա դեմ կգնանք այն տեղերից մեկում, ուր որ կգտնվի, և կհարձակվենք այնպես, ինչպես ցողն է իջնում երկրի վրա, և նրանցից ու նրա հետ եղած բոլոր մարդկանցից մեկն էլ չի պրծնի։ 13 Իսկ եթե նա հավաքվելու լինի մի քաղաքում, այն ժամանակ ամբողջ Իսրայելը պարաններ կտանի այդ քաղաքի դեմ, և մենք այն քարշ կտանք մինչև հեղեղատը, այնպես որ այնտեղ մի քարի կտոր էլ չի մնա»։ 14 Աբիսողոմը և Իսրայելի բոլոր մարդիկ ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Եվ այդպես Տերը հրամայել էր, որ Աքիտոփելի խորհուրդը մերժվի, որպեսզի Տերը չարիք բերի Աբիսողոմին։

Դավիթը զգուշացվում է և փախչում

15 Ապա Քուսին ասաց Սադովկ և Աբիաթար քահանաներին. «Աքիտոփելը այսպես ու այսպես խորհուրդ տվեց Աբիսողոմին և Իսրայելի ծերերին, իսկ ես էլ այսպես ու այսպես խորհուրդ տվի։ 16 Հիմա շուտ մա՛րդ ուղարկեք և հայտնե՛ք Դավթին՝ ասելով. “Այս գիշեր մի՛ մնա անապատի դաշտում, այլ անցի՛ր և գնա՛, որ թագավորն ու նրա հետ գտնվող ամբողջ ժողովուրդը կորստյան չմատնվեն”»։ 17 Հովնաթանն ու Աքիմաասը սպասում էին Ռովգելի աղբյուրի մոտ, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց. նրանք էլ գնացին ու հաղորդեցին Դավիթ թագավորին, որովհետև չէին կարող քաղաք մտնել ու երևալ։ 18 Բայց մի պատանի տեսավ նրանց և պատմեց Աբիսողոմին. իսկ նրանք երկուսն էլ արագ գնացին ու մտան բավուրիմցի մի մարդու տուն։ Նա իր տան գավթում մի հոր ուներ, և նրանք իջան այնտեղ։ 19 Եվ կինը վերցրեց ծածկոցը, փռեց հորի բերանին ու նրա վրա ձավար լցրեց, և ոչինչ չիմացվեց։ 20 Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝ նրա տուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։ 21 Երբ նրանք գնացին, մարդիկ դուրս եկան հորից, գնացին ու պատմեցին Դավիթ թագավորին. և ասացին Դավթին. «Վե՛ր կացեք և շուտ անցե՛ք ջուրը, որովհետև Աքիտոփելը այսպես է խորհուրդ տվել ձեր դեմ»։ 22 Եվ Դավիթն ու նրա հետ եղած ամբողջ զորքը վեր կացան ու անցան Հորդանանը, և մինչև առավոտ չկար մեկը, որ անցած չլիներ Հորդանանը։

23 Աքիտոփելը տեսավ, որ իր խորհուրդը չկատարվեց, համետեց էշը, վեր կացավ ու գնաց իր տուն՝ իր քաղաքը, իր տան համար կարգադրություններ արեց և խեղդեց իրեն ու մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։

24 Դավիթը հասավ Մանայիմ, իսկ Աբիսողոմը, ինքը և իր հետ եղած Իսրայելի բոլոր մարդիկ անցան Հորդանանը։ 25 Աբիսողոմը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար դրեց Ամեսայիին։ Ամեսային իսրայելացի* մի մարդու որդի էր, որի անունը Հոթոր էր, և որը կնության էր առել Հովաբի մայր և Շարուհեայի քույր Նաասի աղջիկ Աբիգեային։ 26 Իսրայելն ու Աբիսողոմը բանակատեղի դրին Գաղաադի երկրում։

27 Հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Ամմոնի որդիներից Նաասի որդի Սոբին՝ Ռաբբայից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռովգելիմից, 28 անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալյուր և աղանձ, ոլոռ, ոսպ ու ձավար, 29 մեղր ու կարագ, ոչխարներ և կովի պանիր բերին Դավթի և նրա հետ եղած ժողովրդի համար, որ ուտեն, որովհետև ասում էին. «ժողովուրդը անապատում սոված, հոգնած և ծարավ կլինի»։

*17.25 Մի շարք եբր. և հուն. ձեռագրեր ունեն իսմայելացի։