Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հիսուսի հարությունը (Մրկ. 16.1-10, Ղուկ. 24.1-12, Հովհ. 20.1-10) …

Հիսուսի հարությունը

(Մրկ. 16.1-10, Ղուկ. 24.1-12, Հովհ. 20.1-10)

1 Շաբաթ երեկոյան՝ կիրակի լուսադեմին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ 2 Եվ ահա մեծ ցնցում եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ, գնաց, մուտքի քարը մի կողմ գլորեց ու նրա վրա նստեց։ 3 Նրա դեմքը փայլակի պես էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։ 4 Նրա ահից պահապանները դողացին ու մեռելի պես դարձան։ 5 Հրեշտակը կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ 6 Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ 7 Իսկույն գնացե՛ք և նրա աշակերտներին ասե՛ք. "Մեռելներից հարություն է առել և ահա ձեզանից առաջ Գալիլեա է գնում. այնտեղ նրան կտեսնեք"։ Ահա ասացի ձեզ»։ 8 Եվ նրանք փութով գերեզմանից դուրս եկան, վախով ու մեծ ուրախությամբ վազեցին աշակերտներին պատմելու։

Հիսուսը երևում է յուղաբեր կանանց

(Մրկ. 16.9-14, Ղուկ. 24.13-49, Հովհ. 20.11–21.24)

9 Հանկարծ Հիսուսը նրանց դիմաց ելավ ու ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտեցան, փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ 10 Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացեք ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա գնան և այնտեղ ինձ կտեսնեն»։

11 Երբ նրանք գնացին, ահա պահակազորից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին ամբողջ պատահածը։ 12 Իսկ նրանք, ծերերի հետ հավաքվելով, խորհրդակցեցին, զինվորներին բավական արծաթ տվեցին 13 և ասացին. «Ասե՛ք. "Երբ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան և նրան գողացան"։ 14 Իսկ եթե այս լուրը կառավարչին հասնի, մենք նրան կհամոզենք և ձեզ հոգսից կազատենք»։ 15 Զինվորները վերցրին արծաթը և արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ սրա համբավը մինչև այսօր տարածված է հրեաների մեջ։

Հիսուսի վերջին պատգամը

(Մրկ. 16.15-18)

16 Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուսը կարգադրել էր նրանց։ 17 Երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։ 18 Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ 19 Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, 20 սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։