Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթո…

1 Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։

2 Լավ չէ նաև անգետ մարդը, և ոտքերով շտապողը կխոտորի.

3 Մարդու հիմարությունը կործանում է նրա ճանապարհը, և նրա սիրտը մոլեգնում է Տիրոջ դեմ։

4 Հարստությունը շատ բարեկամներ է ավելացնում, իսկ աղքատը լքվում է իր ընկերոջից։

5 Սուտ վկան անպատիժ չի մնա, և ստեր արտաբերողը չի ազատվի։

6 Շատերն են փնտրում իշխանավորի բարեհաճությունը, և բոլորը բարեկամ են նվեր տվողին։

7 Աղքատի բոլոր եղբայրներն ատում են նրան, էլ ո՞ւր մնաց, որ նրանից չհեռանան նրա բարեկամները. նա խոսքերով հետապնդում է նրանց, բայց նրանք չկան։

8 Խելք* վաստակողը իր հոգին է սիրում, խոհեմություն պահողը բարիք է գտնելու։

9 Սուտ վկան անպատիժ չի մնա, իսկ ստեր արտաբերողը կկորչի։

10 Անմիտին վայել չէ փափկությունը, էլ ո՞ւր մնաց ծառային՝ իշխանների վրա իշխելը։

11 Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է։

12 Թագավորի բարկությունն առյուծի մռնչյունի նման է, իսկ նրա բարեհաճությունը խոտի վրայի ցողի պես է։

13 Անմիտ տղան աղետ է իր հոր համար, իսկ կնոջ վեճերը անընդհատ կաթկթոցի պես են։

14 Տունը և ունեցվածքը ժառանգություն են հայրերից, բայց ուշիմ կինը Տիրոջից է։

15 Ծուլությունը թմբիրի մեջ է գցում, և թույլ մարդը կսովածանա։

16 Պատվիրաններ պահողն իր հոգին է պահում. նրա ճանապարհներն անարգողը կմեռնի։

17 Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և նա կհատուցի նրան հասանելիքը։

18 Խրատի՛ր որդուդ, քանի դեռ հույս կա, և նրա մահվանը կամակից մի՛ եղիր։

19 Բարկացկոտը պատիժ կկրի, որովհետև եթե նրան ազատես, կրկին նույնը պիտի անես։

20 Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։

21 Մարդու գլխում շատ մտադրություններ կան, բայց Տիրոջ խորհուրդը պիտի հաստատվի։

22 Ինչ որ փափագելի է մարդու մեջ, հավատարմությունն է, և աղքատը ստախոս մարդուց լավ է։

23 Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդ նրանով գոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի։

24 Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է թաղում, բայց այն դեպի բերանն էլ չի տանում։

25 Ծաղր անողին ծեծի՛ր, և միամիտը խորագետ կդառնա. և եթե ըմբռնողին հանդիմանես, նա գիտություն կվաստակի։

26 Ամոթ և խայտառակություն է բերում այն զավակը, որ բռնանում է հոր վրա ու վտարում է մորը։

27 Որդյա՛կ իմ, հրաժարվի՛ր այն խրատը լսելուց, որը քեզ մոլորեցնում է գիտության խոսքերից։

28 Անպիտան վկան ծաղրում է արդարությունը, իսկ անիրավների բերանը չարություն է կուլ տալիս։

29 Ծաղր անողների համար դատավճիռներ են պատրաստ, և ծեծեր՝ անմիտների թիկունքի համար։

*19.8 Բռց. խելք։