Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստծուն փառավորելու տիեզերական կոչ Ալելուիա։ 1 Օրհներգեցե՛…

Աստծուն փառավորելու տիեզերական կոչ

Ալելուիա։

1 Օրհներգեցե՛ք Տիրոջը երկնքից. օրհներգեցե՛ք նրան բարձունքներից։

2 Օրհներգեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր զորքեր։

3 Օրհներգեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհներգեցե՛ք նրան, բոլոր լուսավո՛ր աստղեր։

4 Օրհներգեցե՛ք նրան, երկինքների երկինքնե՛ր, և դուք, ջրե՛ր, որ երկնքի վրա եք։

5 Թող օրհնեն Տիրոջ անունը, որովհետև նա հրամայեց, և նրանք ստեղծվեցին։

6 Եվ նրանց հաստատեց հավիտյանս հավիտենից. կանոն դրեց, որ չի խափանվի։

7 Օրհներգեցե՛ք Տիրոջը երկրից, ո՛վ վիշապներ և բոլոր անդունդներ.

8 Կրակ և կարկո՛ւտ, ձյուն և ծո՛ւխ, մրրկահո՛ղմ, դուք, որ կատարում եք նրա խոսքը,

9 Լեռնե՛ր և բոլոր բլուրնե՛ր, պտղաբե՛ր ծառեր և բոլոր մայրի՛ ծառեր,

10 Կենդանինե՛ր, բոլոր անասուննե՛ր, սողուննե՛ր և թևավո՛ր թռչուններ,

11 Երկրի թագավորնե՛ր և բոլոր ազգե՛ր, իշխաննե՛ր և երկրի բոլոր դատավորնե՛ր,

12 Երիտասարդնե՛ր և աղջիկնե՛ր, ծերե՛ր և նրանց հետ՝ տղանե՛ր.

13 Թող օրհներգեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունն է բարձր. նրա փառքն է վեր երկնքից և երկրից։

14 Նա բարձրացրեց իր ժողովրդի եղջյուրը, իր բոլոր սրբերի, Իսրայելի որդիների՝ իրեն մոտիկ ժողովրդի օրհներգությունը։ Ալելուիա՜։