Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսրայելի կռապաշտությունը դատապարտվում է 1 «Արդարը կորչո…

Իսրայելի կռապաշտությունը դատապարտվում է

1 «Արդարը կորչում է, և ոչ ոք իր սրտում չի մտորում. բարի մարդիկ վերացվում են առանց մեկի իմանալու, թե արդարը վերացվեց գալիք չարիքի պատճառով։ 2 Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք, ովքեր ուղիղ ճանապարհով են ընթանում, հանգստություն պիտի գտնեն իրենց մահճում։ 3 Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, ո՛վ վհուկի որդիներ, ո՛վ շնացողի և պոռնկի սերունդ։ 4 Ո՞ւմ եք ծաղրում, ո՞ւմ վրա եք բացում ձեր լայն բերանը և երկարացնում ձեր լեզուն. մի՞թե դուք հանցանքի զավակներ չեք, ստության սերունդ, 5 դուք, որ ցանկությամբ  գրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։ 6 Հովտի ողորկ կուռքերն են քո բաժինը. դրանք են, դրանք՝ քո վիճակը. դրանց համար գինի թափեցիր իբրև նվիրաբերում, դրանց ընծա մատուցեցիր. մի՞թե ես կամոքվեմ։ 7 Բարձր ու վեհ լեռան վրա դրեցիր քո անկողինը և այնտեղ բարձրացար զոհ մատուցելու։ 8 Դռների և դրանդիների հետևում դրեցիր քո հեթանոսական հուշակոթողը. ինձ լքեցիր՝ բացելով քո անկողինը, ինձնից հեռու բարձրացար այնտեղ, լայնացրիր քո անկողինը և դաշինք կապեցիր նրանց հետ, որոնց անկողինը սիրեցիր, որոնց ձեռքը տեսար։* 9 Դու թագավորի մոտ գնացիր թանկարժեք յուղով, շատացրիր քո անուշահոտությունները, պատգամավորներիդ ուղարկեցիր մինչև հեռավոր վայրեր և իջար մինչև մեռելների աշխարհը։ 10 Քո ճանապարհի երկարությունից հոգնեցիր, երբևէ չասացիր. “Անհույս է”։ Ուժդ վերանորոգեցիր, դրա համար էլ չթուլացար։ 11 Ումի՞ց էիր զարհուրում ու վախենում, որ ստեցիր, չհիշեցիր ինձ և սրտումդ չդրեցիր. չէ՞ որ ես վաղուց լռել եմ, ուստի դու ինձնից չես վախենում։ 12 Ես կհայտարարեմ քո արդարությունն ու արարքները. դրանք* քեզ օգուտ չեն ունենալու։

13 Երբ դու աղաղակ բարձրացնես, թող քո հավաքած կուռքերը քեզ ազատեն. դրանց բոլորին քամին պիտի տանի, մեկ շնչով պիտի քշվեն։ Բայց նա, ով հույս է դրել ինձ վրա, երկիրը պիտի ստանա և իմ սուրբ լեռը պիտի ժառանգի»։

Աստված խոստանում է օգնել և փրկել

14 Եվ Տերը կասի. «Հարթե՛ք, հարթե՛ք, ճանապա՛րհ բացեք, վերացրե՛ք խոչընդոտն իմ ժողովրդի ճանապարհից»։ 15 Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։ 16 Ես չեմ վիճելու հավիտյան և մշտապես չեմ սրտմտելու, այլապես հոգիները և մարդկանց շունչը, որոնց ես եմ ստեղծել, կնվաղեին իմ առաջ։ 17 Ես նրա անօրեն ագահության համար սրտմտեցի և հարվածեցի նրան. իմ դեմքը ծածկեցի ու սրտմտեցի, բայց ապստամբը գնաց իր սրտի ճանապարհով։ 18 Ես տեսել եմ նրա ճանապարհները, բայց բժշկելու եմ նրան. ես առաջնորդելու եմ նրան և մխիթարելու եմ նրան ու նրա սգավորներին»։ 19 Նրանց շրթունքների վրա պտուղն ստեղծող Տերը այսպես է ասում. «Խաղաղություն, խաղաղություն թող լինի հեռավորներին ու մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես բժշկելու եմ նրան»։ 20 Բայց ամբարիշտները նման են ալեծուփ ծովի, որը չի կարող հանդարտվել, և որի ջրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։ 21 «Խաղաղություն չկա ամբարիշտների համար»,- ասում է իմ Աստվածը։

*57.8 Կամ որոնց մերկությունը տեսար։

*57.12 Այսինքն՝ քո կուռքերը։