Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մանասե 1 Մանասեի ցեղին վիճակով բաժին ընկավ, քանի որ Հովսեփի ա…

Մանասե

1 Մանասեի ցեղին վիճակով բաժին ընկավ, քանի որ Հովսեփի անդրանիկ որդին էր։ Մանասեի անդրանիկը՝ Մաքիրը՝ Գաղաադի հայրը, քանի որ պատերազմող մարդ էր, բաժին ստացավ Գաղաադն ու Բասանը։ 2 Մանասեի մյուս որդիներին՝ Աբիեզերի որդիներին, Քեղեքի որդիներին, Ասրիելի որդիներին, Սյուքեմի որդիներին, Ոփերի որդիներին և Սեմիդայի որդիներին, ժառանգություն հասավ ըստ իրենց տոհմերի։ Սրանք էին Հովսեփի որդու՝ Մանասեի արու զավակներն ըստ իրենց տոհմերի։ 3 Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդու՝ Ոփերի որդին՝ Սալպաադը, տղաներ չուներ, այլ միայն աղջիկներ։ Նրա աղջիկների անունները սրանք են՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։ 4 Սրանք ներկայացան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և իշխաններին ու ասացին. «Տերը Մովսեսին հրամայեց, որ մեզ ժառանգություն տա մեր եղբայրների մեջ»։ Եվ Հեսուն Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տվեց իրենց հորեղբայրների մեջ։ 5 Մանասեին ընկավ տասը բաժին Հորդանան գետի այն կողմում, բացի Գաղաադի և Բասանի երկրից, 6 որովհետև Մանասեի աղջիկները ժառանգություն ստացան նրա որդիների մեջ, և Գաղաադի երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։

7 Մանասեի սահմանը եղավ Ասերից մինչև Մաքմեթաթ, որ Սյուքեմի դիմացն է. այս սահմանը գնում է դեպի աջ մինչև Թափուայի աղբյուրի բնակիչների մոտ։ 8 Թափուայի երկիրը Մանասեինը եղավ, իսկ Մանասեի սահմանի վրա գտնվող Թափուա քաղաքը Եփրեմի որդիներինը եղավ։ 9 Այս սահմանն իջնում է Կանա հեղեղատը. հեղեղատի հարավային կողմում Մանասեի քաղաքներն են։ Մանասեի սահմանը հեղեղատի հյուսիսային կողմից գնալով հասնում է ծովը։ 10 Հարավային կողմը Եփրեմինը, իսկ հյուսիսային կողմը Մանասեինը լինելով՝ նրանց սահմանը ծովը եղավ. հյուսիսային կողմից դրանք դիպչում էին Ասերին, իսկ արևելյան կողմից՝ Իսաքարին։ 11 Իսաքարի և Ասերի միջև Մանասեինն էին Բեթսանն ու նրա գյուղաքաղաքները, Հեբղաամն ու նրա գյուղաքաղաքները, Դորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Ենդորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Թանաքի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները և Մակեդդովի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, այս երեք գավառները։ 12 Մանասեի որդիները չկարողացան հալածել այս քաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։ 13 Երբ Իսրայելի որդիները զորացան, հարկատու դարձրին քանանացիներին, բայց նրանց ամբողջովին չհալածեցին։

Եփրեմը և Մանասեի ցեղի արևմտյան կեսը նոր հող են ցանկանում

14 Հովսեփի որդիները Հեսուի հետ խոսեցին և ասացին. «Ինչո՞ւ ինձ միայն մեկ վիճակ և մեկ բաժին ժառանգություն տվեցիր, երբ ես բազմաքանակ ժողովուրդ եմ, որովհետև Տերն ինձ այսչափ օրհնեց»։ 15 Հեսուն նրանց ասաց. «Եթե դու բազմաքանակ ժողովուրդ ես, ապա բարձրացի՛ր անտառ և այնտեղ քեզ համար տե՛ղ պատրաստիր փերեզացիների և Ռափայինների երկրում, քանի որ Եփրեմի լեռը քեզ համար նեղ է»։ 16 Հովսեփի որդիներն ասացին. «Լեռը մեզ չի մնա, և բոլոր քանանացիները, որոնք բնակվում են հովտում՝ Բեթսանում ու նրա գյուղաքաղաքներում, ինչպես նաև Հեզրայելի հովտում, երկաթե կառքեր ունեն»։ 17 Հեսուն Հովսեփի տան՝ Եփրեմի ու Մանասեի հետ խոսեց և ասաց. «Դու բազմաքանակ ժողովուրդ ես և շատ զորություն ունես. թող քեզ մեկ վիճակ չլինի, 18 այլ լեռը քոնը լինի, որովհետև դա անտառ է, կմաքրեք այն, և մինչև ծայրը այն քոնը կլինի, որովհետև դու այնտեղից կհալածես քանանացիներին, ինչքան էլ նրանք երկաթե կառքեր ունենան և զորավոր լինեն»։