Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամուսնացած կանանց ժառանգությունը 1 Հովսեփի որդիների տոհմերից …
Ամուսնացած կանանց ժառանգությունը
1 Հովսեփի որդիների տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների տոհմի իշխանները մոտեցան Մովսեսին և Իսրայելի որդիների նահապետների ընտանիքների իշխաններին 2 ու ասացին. «Տերը մեր տիրոջը հրամայել է՝ վիճակ գցելով երկիրը Իսրայելի որդիներին տա որպես ժառանգություն, և մեր տերը Տիրոջից հրաման է ստացել, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տա նրա աղջիկներին։ 3 Եթե նրանք ամուսնանան Իսրայելի որդիների մեկ այլ ցեղի որդիների հետ, ապա նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ժառանգությունից և պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին կնության կգնան։ Այսպիսով պիտի պակասի վիճակով մեզ հասանելիք ժառանգությունը։ 4 Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանը, նրանց ժառանգությունը պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին նրանք կնության են գնացել, և նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ցեղի ժառանգությունից»։
5 Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Հովսեփի որդիների ցեղը ուղիղ է խոսում։ 6 Սալպաադի աղջիկների մասին Տիրոջ հրամանը հետևյալն է. “Նրանք թող ամուսնանան, ում հետ որ կկամենան, միայն թե իրենց հայրական ցեղից եղողներին կին լինեն։ 7 Իսրայելի որդիների ժառանգությունը մի ցեղից ուրիշ ցեղի թող չանցնի, որովհետև Իսրայելի որդիները բոլորն էլ իրենց հայրերի ցեղի ժառանգությանը պիտի հարեն։ 8 Իսրայելի որդիների ցեղերի մեջ ժառանգություն ստացած ամեն աղջիկ իր հայրական ցեղից եղող մեկին կին թող դառնա, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր հայրերի ժառանգությունը ժառանգի։ 9 Ժառանգությունը մի ցեղից մյուս ցեղին չպետք է անցնի, այլ Իսրայելի որդիների ցեղերից ամեն մեկն իր ժառանգությանը պետք է հարի”»։
10 Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Սալպաադի աղջիկներն այդպես էլ արեցին։ 11 Եվ Մաալան, Թերսան, Էգղան, Մեղքան և Նուան՝ Սալպաադի աղջիկները, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։ 12 Նրանք Հովսեփի որդի Մանասեի որդիների տոհմերից եղողների կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հայրական ցեղի ազգատոհմի մեջ։
13 Սրանք են այն պատվիրաններն ու դատաստանները, որ Տերը Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։