Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Այն պատգամը, որ տեսավ Ամբակում մարգարեն։ Ամբակումի գանգատն …

1 Այն պատգամը, որ տեսավ Ամբակում մարգարեն։

Ամբակումի գանգատն անարդարության դեմ

2 Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և դու չպիտի լսես, աղաղակեմ բռնության մասին, բայց դու չպիտի ազատես։ 3 Ինչո՞ւ ես ինձ անօրենություն տեսնել տալիս, տառապանքին նայում. հափշտակություն ու բռնություն կա իմ առաջ, կա պայքար ու վիճարկում։ 4 Ուստի օրենքն անզոր է, և իրավունքը չի առաջանում, որովհետև ամբարիշտները շրջապատել են արդարին, դրա համար դատաստանն էլ ծուռ է դուրս գալիս։

Աստծու պատասխանը

5 Նայե՛ք ազգերի մեջ ու տեսե՛ք. զարմանալով հիացե՛ք, որովհետև ահա մի արարք է կատարվում ձեր օրերում, որ չէիք հավատա, եթե պատմվեր ձեզ։ 6 Որովհետև ես ահա ոտքի եմ հանում քաղդեացիներին՝ այն դառն ու արագընթաց ազգին, որ սլանում է դեպի երկրի լայնությունները, որպեսզի տիրի իրեն չպատկանող բնակավայրերին։ 7 Նա սոսկալի և ահարկու է, նրա դատաստանն ու մեծափառությունն իրենից են դուրս գալիս։ 8 Նրա ձիերն ինձերից ավելի արագաշարժ են և ավելի կատաղի, քան երեկոյան գայլերը։ Նրա ձիավորներն արշավում են և նրա ձիավորները գալիս են հեռվից. նրանք թռչում են ինչպես արծիվը, որ սուրում են ուտելու։ 9 Ամենքը բռնության համար են գալիս, առաջանում են ինչպես քամին, ավազի չափ գերիներ են հավաքում։ 10 Եվ նա պիտի ծաղրի թագավորներին, իսկ իշխանավորները նրան ծանակ պիտի լինեն. նա ծիծաղում է ամեն ամրոցի վրա, որովհետև նա հող է դիզում և վերցնում է այն։ 11 Ապա կսուրա քամու նման ու կանցնի. հանցավոր դառնա, իբր թե իր այս զորությունն իր աստծունն է։

Ամբակումը նորից է գանգատվում

12 Ահա դու հավիտենականությունից ես, ո՛վ Տեր իմ Աստված, ի՛մ Սուրբ. մենք չենք մեռնելու, ո՛վ Տեր, դու նրանց կարգել ես իբրև դատաստան. և դու, ո՛վ Վեմ, նրանց հաստատել ես իբրև հանդիմանություն։ 13 Դու, որի աչքերը չարություն տեսնելու համար մաքրամաքուր են և չարության նայել չեն կարող, ինչո՞ւ ես նայում անհավատարիմներին, լռում, երբ ամբարիշտը կուլ է տալիս իրենից արդարին։ 14 Եվ մարդուն ծովի ձկների պես, սողունների պես ես դարձրել, որոնց վրա տիրող չկա։ 15 Նրանց բոլորին կարթով հանում է, նրանց քաշում է իր ուռկանով և նրանց իր ցանցով է հավաքում, դրա համար ուրախանում է և ցնծում։ 16 Ուստի զոհ է մատուցում իր ուռկանին և խունկ ծխում իր ցանցին, որովհետև նրանցով է պարարտանում իր բաժինը, և նրա կերակուրը՝ առատ։ 17 Արդյոք ուրեմն նա միշտ դատարկելո՞ւ է իր ուռկանը և ազգերին խեղդելո՞ւ է առանց խղճալու։