Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստված Գերազույն Թագավորը 1 Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, երգեցե՛ք Տիրո…
Աստված Գերազույն Թագավորը
1 Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, երգեցե՛ք Տիրոջը, ամբո՛ղջ երկիր:
2 Երգեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք նրա անունը, օր օրի քարոզեցե՛ք նրա փրկությունը։
3 Հեթանոսների մեջ պատմեցե՛ք նրա փառքը, նրա հրաշքները բոլոր ազգերի մեջ:
4 Որովհետև Տերը մեծ է և անչափ օրհնված. նա ահավոր է բոլոր աստվածներից,
5 Որովհետև ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, իսկ Տերն արարել է երկինքը:
6 Փառք և մեծություն կա նրա առջև, զորություն և գեղեցկություն` նրա սրբության մեջ:
7 Տվե՛ք Տիրոջը, ո՛վ ազգերի ցեղեր, Տիրոջը փառք և զորությո՛ւն տվեք։
8 Տիրոջը տվե՛ք իր անվան փառքը, ընծա՛ բերեք և մտե՛ք նրա սրահները:
9 Սրբության վայելչությամբ երկրպագեցե՛ք Տիրոջը, վախեցե՛ք նրա երեսից, ո՛վ ամբողջ երկիր:
10 Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերն է թագավորը. դրա համար էլ հաստատ է աշխարհը, չի սասանվում. նա ուղղամտությամբ պիտի դատի ժողովուրդներին»:
11 Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա. ծովը թող գոռա իր լիությամբ,
12 Դաշտն ուրախանա, և այն ամենը, ինչ կա նրա մեջ. թող ցնծան անտառի բոլոր ծառերը
13 Տիրոջ առաջ, որը գալիս է, որպեսզի դատի երկիրը. նա աշխարհը պիտի դատի արդարությամբ և ժողովուրդներին` իր ճշմարտությամբ: