Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եկեղեցին որպես Աստծու ժողովուրդ 1 Դրանից հետո տեսա չորս հրեշտ…
Եկեղեցին որպես Աստծու ժողովուրդ
1 Դրանից հետո տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և երկրի չորս քամին բռնած, որպեսզի երկրի վրա քամի չփչի, ո՛չ էլ ծովի վրա, ո՛չ էլ մի ծառի վրա։ 2 Տեսա նաև մեկ այլ հրեշտակի, որ բարձրանում էր արևելքից ու կենդանի Աստծու կնիքն ուներ։ Նա բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելու իշխանություն էր տրվել։ 3 Եվ ասում էր. «Վնաս մի՛ տվեք երկրին, ո՛չ ծովին և ո՛չ էլ ծառերին, մինչև որ մեր Աստծու ծառաների ճակատներին կնիք դնենք»։ 4 Եվ կնքվածների թիվը լսեցի՝ հարյուր քառասունչորս հազար՝ կնքված Իսրայելի որդիների բոլոր ցեղերից։
5 Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված,
Ռուբենի ցեղից՝ տասներկու հազար,
Գադի ցեղից՝ տասներկու հազար,
6 Ասերի ցեղից՝ տասներկու հազար,
Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար,
Մանասեի ցեղից՝ տասներկու հազար,
7 Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար,
Ղևիի ցեղից՝ տասներկու հազար,
Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար,
8 Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար,
Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար,
Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։
Եկեղեցին որպես ընտրյալների բազմություն
9 Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։ 10 Եվ բարձրաձայն աղաղակում էին ու ասում.
«Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը»։
11 Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝ 12 ասելով.
«Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։
13 Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել»։ 14 Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։
15 Դրա համար Աստծու գահի առաջն են
և նրա տաճարում գիշերուզօր նրան են պաշտում,
և գահի վրա նստողը հովանի պիտի լինի նրանց վրա։
16 Այլևս ո՛չ քաղցելու են, ո՛չ էլ ծարավելու,
և ո՛չ արևը նրանց վրա կընկնի,
ո՛չ էլ տապը,
17 որովհետև Գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց
ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները,
և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։