Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Անմեղ մարդու աղոթքը Դավթի աղոթք։ 1 Ո՜վ Տեր, լսի՛ր արդար դա…

Անմեղ մարդու աղոթքը

Դավթի աղոթք։

1 Ո՜վ Տեր, լսի՛ր արդար դատը, ակա՛նջ դիր աղաղակիս և ունկնդրի՛ր իմ աղոթքը, որ նենգ շրթունքներից չէ։

2 Իմ դատաստանը թող քեզնից գա. քո աչքերը թող տեսնեն ուղղամտությունը։

3 Դու փորձեցիր իմ սիրտը և քննեցիր գիշերվա մեջ. դու կրակով հալեցիր ինձ և անիրավություն չգտար ինձանում. ես իմ մտքում դրել եմ, որ իմ բերանը օրինազանց չլինի։

4 Մարդկանց գործերի մեջ, ըստ քո շուրթերի խոսքի, զգույշ եմ մնում բռնություն գործող մարդկանց ճանապարհներից։

5 Հաստատի՛ր իմ քայլերը քո ճանապարհի մեջ, որ իմ ոտքերը չսայթաքեն։

6 Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ո՜վ Աստված, ականջդ դարձրո՛ւ դեպի ինձ, լսի՛ր իմ խոսքերը։

7 Ցո՛ւյց տուր քո մեծ սերը, դու, որ քո աջով փրկում ես քեզ ապավինողներին իրենց թշնամիներից։

8 Պահի՛ր ինձ աչքի բբի պես և քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ

9 Այն ամբարիշտներից, որոնք տառապանք են տալիս ինձ, իմ անձի թշնամիներից, որոնք չորս կողմից պաշարում են ինձ։

10 Նրանք փակում են իրենց պարարտ սիրտը և իրենց բերանով ամբարտավանությամբ են խոսում։

11 Հիմա մեր ընթացքի չորս կողմից շրջապատում են մեզ և հառել են իրենց աչքերը՝ մեզ գետին գցելու համար։

12 Նրանք նման են առյուծի, որ ցանկանում է հոշոտել, և առյուծի ձագի, որ դարան է նստել։

13 Վե՛ր կաց, Տե՛ր, ա՛ռ նրա առաջը, գետի՛ն գցիր նրան և ամբարիշտների ձեռքից ինձ ազատի՛ր քո սրով։

14 Քո ձեռքով, ո՜վ Տեր, փրկի՛ր մարդկանցից, այս աշխարհի մարդկանցից, որոնց բաժինն այս կյանքում է. նրանց փորը լցնում ես գանձերով, և նրանց որդիներն էլ են կշտացած և մնացածը թողնում են իրենց երեխաներին։

15 Իսկ ես արդարությամբ պիտի տեսնեմ քո երեսը, և երբ արթնանամ, պիտի կշտանամ քո կերպարանքից։