Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հագար և Իսմայել 1 Սարան՝ Աբրամի կինը, չէր ծնում նրա համար։ Նա…
Հագար և Իսմայել
1 Սարան՝ Աբրամի կինը, չէր ծնում նրա համար։ Նա մի եգիպտացի աղախին ուներ՝ անունը Հագար։ 2 Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ զրկել է ծնելուց. մտի՛ր ուրեմն իմ աղախնի մոտ. գուցե նրանից որդի ստանամ»։ Աբրամը լսեց Սարայի խոսքը։ 3 Սարան՝ Աբրամի կինը, վերցրեց իր եգիպտացի աղախին Հագարին ու նրան կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո։ 4 Աբրամը մտավ Հագարի մոտ, և նա հղիացավ։ Երբ Հագարը տեսավ, որ հղի է, արհամարհեց տիրուհուն։ 5 Սարան ասաց Աբրամին. «Իմ կրած արհամարհանքի հանցավոր. ես իմ աղախնին քո գիրկը հանձնեցի, և երբ նա տեսավ, որ հղի է, արհամարհեց ինձ։ Տերը թող դատաստան անի իմ և քո միջև»։ 6 Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է. վարվի՛ր նրա հետ, ինչպես հաճելի է քեզ»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա մոտից։ 7 Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, Սուրի ճանապարհի վրա գտնվող աղբյուրի մոտ։ 8 Եվ ասաց. «Ո՛վ Սարայի աղախին Հագար, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Ես փախչում եմ իմ տիրուհի Սարայի մոտից»։ 9 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ե՛տ դարձիր քո տիրուհու մոտ և հնազանդվի՛ր նրան»։ 10 Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ես այնքան շատ եմ շատացնելու քո սերունդը, որ շատությունից հաշվել չի լինի»։ 11 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ահա դու հղի ես և որդի կծնես. նրա անունը Իսմայել* կդնես, որովհետև Տերը լսեց քո տառապանքը։ 12 Նա մի վայրի էշի նման մարդ է լինելու. նրա ձեռքը բոլորի դեմ, և բոլորի ձեռքը նրա դեմ է լինելու, և նա իր բոլոր եղբայրների առջև է բնակվելու»։ 13 Հագարն իր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց. «Դու իմ տեսիլքի Աստվածն ես»։ Որովհետև ասաց. «Արդյոք ես ո՞ղջ եմ իմ տեսիլքից հետո»։ 14 Դրա համար այդ ջրհորի անունը Լահայրոյի* ջրհոր դրեց։ Այն գտնվում է Կադեսի և Բարադի միջև։ 15 Հագարը մի որդի ծնեց Աբրամին, և Աբրամը Հագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայել։ 16 Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Հագարը Աբրամի համար ծնեց Իսմայելին։
*16.11 Աստված լսեց։
*16.14 Տեսիլքիս կենդանի Աստծու ջրհորը։