Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստծու փառքը և մարդու արժանիքը Երգողների գլխավորին։ Հնձանի երգերի …

Աստծու փառքը և մարդու արժանիքը

Երգողների գլխավորին։ Հնձանի երգերի եղանակով։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա, որ քո փառքը երկնքից վեր դրեցիր։

2 Երեխաների և կաթնակերների բերանով զորությունդ հաստատեցիր քո թշնամիների դեմ, որ լռեցնես թշնամուն և վրեժխնդիր լինողին։

3 Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,

4 Էլ ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ խնամք ես տանում նրա նկատմամբ.

5 Նրան մի քիչ ցածրացրիր երկնային էակներից,* բայց փառքով ու պատվով պսակեցիր նրան։

6 Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա. ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ՝

7 Բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները,

8 Երկնքի թռչուններն ու ծովի ձկները, և ինչ որ անցնում է ծովի ճանապարհներով։

9 Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա։

*8.5 Եբր. աստվածներ, գրբ. հրեշտակներ։