Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղոթք օգնության համար Դավթի (սաղմոս)։ 1 Տե՛ր, քեզ եմ կանչո…

Աղոթք օգնության համար

Դավթի (սաղմոս)։

1 Տե՛ր, քեզ եմ կանչում. իմ Վե՛մ, լուռ մի՛ մնա իմ հանդեպ. չլինի թե դու ինձ համար լուռ մնաս, և ես նմանվեմ գերեզման իջնողներին։

2 Լսի՛ր իմ աղաչանքի ձայնը, երբ քեզ օգնության աղաղակ բարձրացնեմ, երբ իմ ձեռքը բարձրացնեմ դեպի քո ամենասուրբ տաճարը։

3 Մի՛ կորցրու ինձ ամբարիշտների հետ և անօրենություն գործողների հետ, որ խաղաղության մասին են խոսում իրենց ընկերների հետ, բայց չարություն կա նրանց սրտերում։

4 Հատուցի՛ր նրանց իրենց գործերի համեմատ և իրենց վարմունքի չարության համեմատ. իրենց ձեռքի գործերի պե՛ս հատուցիր նրանց. նրանց հատուցումը վերադարձրո՛ւ իրենց։

5 Որովհետև ուշադրություն չեն դարձնում Տիրոջ գործերին և նրա ձեռքի արածներին. նա պիտի կործանի նրանց և այլևս չպիտի շինի։

6 Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։

7 Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։

8 Տերն իր ժողովրդի զորությունն է. նա է փրկության զորավոր ամրոցն իր օծյալի համար։

9 Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան։