Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղոթք արդարության համար Խոստովանություն Դավթի, որ երգեց Տիրոջը՝ Բե…

Աղոթք արդարության համար

Խոստովանություն Դավթի, որ երգեց Տիրոջը՝ Բենիամինի որդի Քուշի խոսքերի համար։

1 Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ ապավինել. փրկի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից և ազատի՛ր ինձ,

2 Որ առյուծի պես չհոշոտեն իմ անձը ու պատառոտեն, և ազատող չլինի։

3 Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, եթե այս վատ բանն եմ արել, եթե անիրավություն կա իմ ձեռքերի մեջ,

4 Եթե չար եմ հատուցել ինձ հետ խաղաղ եղածին, եթե կողոպտել եմ զուր տեղն ինձ նեղացնողին,

5 Ապա թող թշնամին հալածի իմ անձը և հասնի ինձ. իմ կյանքը կոխոտի գետնի վրա և իմ փառքը բնակեցնի հողի մեջ։ (Սելա)։

6 Վե՛ր կաց, ո՜վ Տեր, քո բարկությամբ, բարձրացի՛ր իմ թշնամիների կատաղության դեմ և արթնացի՛ր ինձ համար. դու սահմանեցիր իրավունքը։

7 Ազգերի ժողովը թող շրջապատի քեզ, և նրանց վրա իշխի՛ր բարձունքներից։

8 Տերը դատաստան է անում ազգերի վրա. դատի՛ր ինձ, Տե՛ր, իմ արդարության և իմ անմեղության համեմատ, որ կա ինձանում։

9 Թող վերջանա ամբարիշտների չարությունը, և հաստատի՛ր արդարին, որովհետև դու, ո՛վ արդար Աստված, սրտեր ու մտքեր քննող ես։

10 Իմ վահանն Աստված է, որ փրկում է սրտով ուղիղներին։

11 Աստված արդար դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա.

12 Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը. իր աղեղը լարել է և պատրաստել,

13 Մահվան գործիքներ է պատրաստել նրա համար և պատրաստ է պահել իր հրավառ նետերը։

14 Ահա նա անօրենություն է երկնում. հղացած է չարությամբ և խաբեություն է ծնում։

15 Հոր փորեց և խորացրեց, բայց ինքն ընկավ իր շինած հորի մեջ։

16 Նրա չարությունը պիտի իր գլխին գա. նրա անիրավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։

17 Ես պիտի փառաբանեմ Տիրոջը իր արդարության համար և սաղմոս ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։