Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փառաբանության երգ 1 Եկեք ցնծանք Տիրոջով, գոչենք մեր փրկության…

Փառաբանության երգ

1 Եկեք ցնծանք Տիրոջով, գոչենք մեր փրկության Վեմին։

2 Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։

3 Որովհետև Տերը մեծ Աստված է և մեծ թագավոր է բոլոր աստվածների վրա։

4 Նրա ձեռքին են երկրի խորքերը, և սարերի գագաթները նրանն են։

5 Նրանն է ծովը, և նա է արարել այն, նրա ձեռքերն են ստեղծել ցամաքը։

6 Եկեք երկրպագենք և երեսնիվայր խոնարհվենք, ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև,

7 Որովհետև նա է մեր Աստվածը, և մենք նրա արոտի ժողովուրդն ենք և իր ձեռքով առաջնորդվող հոտերը. այսօր եթե նրա ձայնը լսեք,

8 Մի՛ խստացրեք ձեր սրտերը, ինչպես Մերիբայի մեջ, ինչպես փորձության օրը՝ անապատի մեջ,

9 Որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, թեև տեսան իմ գործերը։

10 Քառասուն տարի զզվեցի այդ սերնդից և ասացի. «Նրանք մի այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով. նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները»,

11 Ուստի իմ բարկության պահին երդվեցի, որ նրանք չեն մտնի իմ հանգստությունը։