Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քահանաների բաժինը 1 «Ղևտացի քահանաները՝ Ղևիի ամբողջ ցեղ…
Քահանաների բաժինը
1 «Ղևտացի քահանաները՝ Ղևիի ամբողջ ցեղը, Իսրայելի հետ բաժին ու ժառանգություն չեն ունենա։ Նրանք պիտի ուտեն Տիրոջն արված զոհաբերություններն ու նրա ժառանգությունը։ 2 Նրանք իրենց եղբայրների մեջ ժառանգություն չեն ունենա. նրանց ժառանգությունը Տերն ինքն է, ինչպես որ ասել է նրանց։
3 Այս կլինի քահանաների իրավունքը ժողովրդի կողմից և մատուցված զոհերի կողմից, դրանք լինեն արջառ, թե ոչխար։ Քահանային պետք է տրվի թիակը, ծնոտները և փորը։ 4 Դու նրան պետք է տաս նաև քո ցորենի, գինու, յուղի երախայրիքը և քո ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը, 5 որովհետև քո Տեր Աստվածը բոլոր ցեղերի միջից նրան է ընտրել, որպեսզի նա և նրա որդիները մշտապես կանգնեն ծառայություն անելու Տիրոջ անունով։
6 Երբ մի ղևտացի դուրս գա քո քաղաքներից մեկից, այսինքն՝ այն վայրից, ուր նա պանդխտել է Իսրայելում, և ըստ իր սրտի մեծ փափագի գա Տիրոջ ընտրած վայրը, 7 ապա Տիրոջ առջև այնտեղ կանգնած իր բոլոր ղևտացի եղբայրների նման կծառայի իր Տեր Աստծու անունով։ 8 Նա թող ստանա նրանց սննդաբաժնին հավասար սննդաբաժին, բացի իր հայրենական ունեցվածքի վաճառքից ստացած եկամուտներից։
Զգուշացում կռապաշտության փորձերի դեմ
9 Երբ մտնես քո Տեր Աստծու քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին։ 10 Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա, 11 նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ, 12 որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։ 13 Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես, 14 որովհետև այն ազգերը, որոնց դու տիրելու ես, լսում են գուշակներին և կախարդներին. բայց քեզ քո Տեր Աստվածը այդպես անելու հրաման չի տալիս։
15 Քո Տեր Աստվածը քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար. նրա՛ն լսեք. 16 ամբողջապես այնպես, ինչպես որ Քորեբում հավաքի օրը քո Տեր Աստծուն խնդրեցիր՝ ասելով. “Իմ Տեր Աստծու ձայնն այլևս չլսեմ և այդ մեծ կրակն այլևս չտեսնեմ, որպեսզի չմեռնեմ”։ 17 Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Լավ է, ինչ որ նրանք ասում են. 18 ես քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ նրանց համար իրենց եղբայրների միջից և իմ խոսքերը կդնեմ նրա բերանը. նա նրանց կասի այն, ինչ որ կպատվիրեմ նրան։ 19 Եվ այն մարդը, որ չլսի իմ խոսքերը, որ նա կասի իմ անունից, ես այդ մարդուց հաշիվ կպահանջեմ։
20 Իսկ այն մարգարեն, որ կհանդգնի իմ անունից խոսք ասել, որ ես չեմ պատվիրել նրան ասել, կամ օտար աստվածների անունից մի բան խոսի, այդ մարգարեն պետք է մեռնի”։ 21 Եթե քո սրտի մեջ ասես՝ “Ինչպե՞ս իմանանք այն խոսքը, որ Տերը չի ասել”, 22 եթե այդ մարգարեն Տիրոջ անունից մի բան ասի, և այդ բանը չկատարվի, ուրեմն դա Տիրոջ ասած խոսքը չէ. մարգարեն հանդգնությամբ է ասել դա։ Նրանից չվախենաս»։