Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հորդոր երիտասարդներին 1 Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը…

Հորդոր երիտասարդներին

1 Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը, և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները,

2 Որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար։

3 Ողորմածությունն ու հավատարմությունը քեզ չեն լքի. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի տախտակի վրա։

4 Այսպես դու հավանություն և բարի համարում կգտնես Աստծու և մարդկանց առաջ։

5 Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։

6 Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։

7 Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։

8 Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի։

9 Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից։

10 Այն ժամանակ քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, և քո հնձաններից նոր գինին կհորդի։

11 Որդյա՛կ իմ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի՛ դառնացիր։

12 Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։

13 Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։

14 Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։

15 Նա գոհարներից պատվական է, և քո ցանկալի բոլոր բաները նրա հետ չեն համեմատվի։

16 Նրա աջ ձեռքին օրերի երկարություն է, նրա ձախ ձեռքին՝ հարստություն ու փառք։

17 Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները՝ խաղաղություն։

18 Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։

19 Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարով* հաստատեց երկինքը։

20 Նրա գիտությամբ անդունդները պատռվեցին, և ամպերը ցող մաղեցին։

21 Որդյա՛կ իմ, սրանք մի՛ թող քո աչքի առաջից, պի՛նդ պահիր ողջամտությունն ու խելամտությունը։

22 Եվ նրանք կյանք կլինեն քո հոգու համար և զարդ*՝ քո պարանոցի համար։

23 Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհով, և ոտքդ չի սայթաքի։

24 Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։

25 Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։

26 Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։

27 Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա։

28 Քո հարևանին մի՛ ասա. «Գնա՛ ու նորի՛ց արի, և վաղը այն կտամ», երբ քեզ մոտ այն հիմա կա։

29 Քո հարևանի դեմ չարիք մի՛ նյութիր, երբ նա վստահությամբ քո կողքին է ապրում։

30 Մարդու հետ զուր տեղը մի՛ վիճիր, եթե նա քեզ չարություն չի արել։

31 Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր և նրա ճանապարհներից ոչ մեկը մի՛ ընտրիր,

32 Որովհետև խարդախ մարդը զզվելի է Տիրոջը, բայց նրա մտերմությունն ուղղամիտների հետ է։

33 Անիրավի տան վրա Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։

34 Նա ծաղր անողներին իսկապես ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։

35 Իմաստունները փառք պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի անարգվեն։

 

*3.19 Բռց. խոհեմություն։

*3.22 Բռց. շնորհք։