Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ադամի սերունդը (Ա Մն. 1.1-4) 1 Այս է Ադամի սերունդների գիր…

Ադամի սերունդը

(Ա Մն. 1.1-4)

1 Այս է Ադամի սերունդների գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով արեց նրան։ 2 Արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց անունը Ադամ* դրեց նրանց ստեղծվելու օրը։ 3 Երբ Ադամը հարյուր երեսուն տարեկան էր, իր նմանությամբ, իր պատկերի պես մի որդի ծնեց և նրա անունը դրեց Սեթ։ 4 Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը ութ հարյուր տարի եղան, և տղաներ ու աղջիկներ ծնեց։ 5 Ադամի բոլոր օրերը ինը հարյուր երեսուն տարի եղան, և նա մեռավ։

6 Երբ Սեթը հարյուր հինգ տարեկան էր, ծնեց Ենոսին։ 7 Ենոսի ծնվելուց հետո Սեթը ութ հարյուր յոթ տարի ապրեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 8 Սեթի բոլոր օրերը ինը հարյուր տասներկու տարի եղան, և նա մեռավ։ 9 Երբ Ենոսը իննսուն տարեկան էր, ծնեց Կայնանին։ 10 Կայնանի ծնվելուց հետո Ենոսն ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 11 Ենոսի բոլոր օրերը ինը հարյուր հինգ տարի եղան, և նա մեռավ։

12 Երբ Կայնանը յոթանասուն տարեկան էր, ծնեց Մաղաղիելին։ 13 Մաղաղիելի ծնվելուց հետո Կայնանն ապրեց ութ հարյուր քառասուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 14 Կայնանի բոլոր օրերը ինը հարյուր տասը տարի եղան, և նա մեռավ։

15 Երբ Մաղաղիելը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Հարեդին։ 16 Հարեդի ծնվելուց հետո Մաղաղիելն ապրեց ութ հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 17 Մաղաղիելի բոլոր օրերը ութ հարյուր իննսունհինգ տարի եղան, և նա մեռավ։ 18 Երբ Հարեդը հարյուր վաթսուներկու տարեկան էր, ծնեց Ենոքին։ 19 Ենոքի ծնվելուց հետո Հարեդն ապրեց ութ հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 20 Հարեդի բոլոր օրերը ինը հարյուր վաթսուներկու տարի եղան, և նա մեռավ։

21 Երբ Ենոքը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Մաթուսաղային։ 22 Ենոքը Մաթուսաղայի ծնվելուց հետո Աստծու առաջ քայլեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 23 Ենոքի բոլոր օրերը երեք հարյուր վաթսունհինգ տարի եղան։ 24 Ենոքն Աստծու առաջ քայլեց և չէր գտնվում, որովհետև Աստված նրան վերցրեց։

25 Երբ Մաթուսաղան հարյուր ութսունյոթ տարեկան էր, ծնեց Ղամեքին։ 26 Ղամեքի ծնվելուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 27 Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարյուր վաթսունինը տարի եղան, և նա մեռավ։ 28 Երբ Ղամեքը հարյուր ութսուներկու տարեկան էր, ծնեց մի որդի 29 և նրա անունը Նոյ* դրեց՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից ու մեր ձեռքերի աշխատանքից այն երկրի պատճառով, որ Տերն անիծեց»։ 30 Նոյի ծնվելուց հետո Ղամեքն ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 31 Ղամեքի բոլոր օրերը յոթ հարյուր յոթանասունյոթ տարի եղան, և նա մեռավ։ 32 Նոյը հինգ հարյուր տարեկան եղավ և ծնեց Սեմին, Քամին ու Հաբեթին։

 

*5.2 Եբր. նշանակում է մարդ։

*5.29 Հանգստություն։