Հին Կտակարան
Նոր Կտակարան
Շաբաթ օրը հարգելու հարցը (Մրկ. 2.23-28, Ղուկ. 6.1-5) 1 Այդ…
Շաբաթ օրը հարգելու հարցը
(Մրկ. 2.23-28, Ղուկ. 6.1-5)
1 Այդ ժամանակ մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր արտերի միջով։ Նրա աշակերտները քաղց զգացին ու սկսեցին հասկ պոկել և ուտել։ 2 Երբ փարիսեցիները տեսան, նրան ասացին. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ չի թույլատրվում անել շաբաթ օրը»։ 3 Իսկ նա ասաց նրանց. «Դուք չե՞ք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ ինքն ու իր հետ եղողները քաղցեցին. 4 ինչպե՛ս Աստծու տուն մտավ ու առաջավորության հացը կերավ, որ բացի քահանաներից, չէր թույլատրվում ուտել ո՛չ իրեն, ո՛չ էլ իր հետ եղողներին։ 5 Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ քահանաները շաբաթ օրերին տաճարում պղծում են շաբաթը, սակայն անմեղ են։ 6 Բայց ես ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի մեծը կա։ 7 Եվ եթե գիտենայիք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ" (Ովս. 6.6), անմեղներին չէիք դատապարտի։ 8 Սակայն Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է»։
Չորացած ձեռքի բժշկումը
(Մրկ. 3.1-6, Ղուկ. 6.6-11)
9 Եվ Հիսուսը, այնտեղից հեռանալով, եկավ նրանց ժողովարանը։ 10 Եվ ահա այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Հիսուսին ամբաստանելու համար նրան հարցրին՝ ասելով. «Թույլատրվո՞ւմ է շաբաթ օրը բժշկություն անել»։ 11 Նա պատասխանեց նրանց. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի։ 12 Արդ, մարդը որքա՜ն առավել է ոչխարից։ Ուստի շաբաթ օրը բարիք գործելը թույլատրելի է»։ 13 Այդ ժամանակ Հիսուսն այդ մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա չորացած ձեռքը մեկնեց, և այն մյուսի նման առողջ դարձավ։ 14 Իսկ փարիսեցիները դուրս ելան ու նրա դեմ խորհրդակցեցին, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն։
15 Երբ Հիսուսն իմացավ, այնտեղից հեռացավ։ Եվ ժողովրդի մեծ բազմություն գնաց նրա հետևից, ու նա բոլորին բժշկեց։ 16 Եվ պատվիրեց նրանց, որ իր մասին չհայտնեն, 17 որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
18 «Ահա իմ ծառան, որին ընտրեցի,
իմ սիրելին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ.
իմ Հոգին նրա վրա կդնեմ,
և նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։
19 Նա չի հակառակվի, չի աղաղակի,
և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։
20 Ջախջախված եղեգը չի փշրի
և առկայծող պատրույգը չի հանգցնի,
մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։
21 Եվ հեթանոսները հույսը կդնեն նրա անվան վրա» (Ես. 42.1-4)։
Հիսուսը և Բեեղզեբուղը
(Մրկ. 3.22-30, Ղուկ. 11.14-23, 6.43-45)
22 Այդ ժամանակ Հիսուսի մոտ մի կույր ու համր դիվահար բերվեց, և նա բժշկեց նրան, այնպես որ կույր ու համրը և՛ տեսավ, և՛ խոսեց։ 23 Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ ու ասում էր. «Մի՞թե սա է Դավթի որդին»։ 24 Սակայն փարիսեցիները լսեցին և ասացին. «Դա դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»։ 25 Հիսուսը, նրանց մտքերը հասկանալով, ասաց. «Ամեն թագավորություն, որ իր մեջ մասնատված է, կավերվի, և ինքն իր մեջ մասնատված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ 26 Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է, արդ նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա։ 27 Եվ եթե ես դևերին Բեեղզեբուղի միջոցով եմ հանում, ապա ձեր որդինե՞րն ինչով են հանում։ Դրա համար էլ նրա՛նք ձեր դատավորները կլինեն։ 28 Իսկ եթե ես Աստծու Հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։ 29 Կամ ինչպե՞ս կարող է մեկը հզոր մարդու տունը մտնել ու նրա ունեցածը հափշտակել, եթե նախ այդ հզորին չկապի և հետո նրա տունը կողոպտի։ 30 Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ 31 Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյանք մարդկանց կներվեն, բայց Հոգու դեմ հայհոյանքը մարդկանց չի ներվի։ 32 Ով Մարդու Որդու դեմ որևէ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։
33 Եթե ծառը լավը համարեք, նրա պտուղը ևս լավը կլինի, իսկ եթե ծառը վատը համարեք, նրա պտուղը ևս վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։ 34 Իժերի՛ ծնունդներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել, երբ չար եք. որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ 35 Բարի մարդն իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։ 36 Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ 37 Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես»։
Նշանի հայցում
(Մրկ. 8.11-12, Ղուկ. 11.29-32)
38 Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք Հիսուսին պատասխանեցին՝ ասելով. «Վարդապե՛տ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել»։ 39 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։ 40 Որովհետև ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորում, այնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի սրտում։ 41 Նինվեացիները դատաստանին այս սերնդի հետ վեր կկենան և կդատապարտեն նրան, քանի որ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծն է։ 42 Հարավի թագուհին դատաստանին այս սերնդի հետ վեր կկենա և կդատապարտի նրան, որովհետև երկրի մյուս ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։
Պիղծ ոգու վերադարձը
(Ղուկ. 11.24-26)
43 Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդու միջից, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում, բայց չի գտնում։ 44 Այդ ժամանակ ասում է. "Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս ելա"։ Եվ գալիս, այն գտնում է դատարկված, մաքրված ու հարդարված։ 45 Այդ ժամանակ գնում, վերցնում է իր հետ իրենից է՛լ ավելի չար յոթ ուրիշ ոգիների և մտնում, բնակվում է այնտեղ։ Եվ այդ մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։
Հիսուսի մայրն ու եղբայրները
(Մրկ. 3.31-35, Ղուկ. 8.19-21)
46 Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։ 47 Եվ մեկն ասաց նրան. «Ահա մայրդ ու եղբայրներդ, դրսում կանգնած, ուզում են խոսել քեզ հետ»։ 48 Նա պատասխանեց իրեն ասողին ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները»։ 49 Եվ իր ձեռքը դեպի իր աշակերտները մեկնելով՝ ասաց. «Ահա իմ մայրն ու իմ եղբայրները։ 50 Որովհետև ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»։