Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հիսուսի պայծառակերպությունը (Մրկ. 9.2-13, Ղուկ. 9.28-36) 1&nbsp…

Հիսուսի պայծառակերպությունը

(Մրկ. 9.2-13, Ղուկ. 9.28-36)

1 Վեց օր հետո Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին իր հետ վերցրեց և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց։ 2 Եվ նրանց առաջ այլակերպվեց. նրա դեմքն արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ 3 Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ 4 Պետրոսը Հիսուսին ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե կամենաս, այստեղ երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ 5 Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. դրա՛ն լսեք»։ 6 Երբ աշակերտները լսեցին, երեսնիվայր ընկան ու շատ վախեցան։ 7 Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք ու մի՛ վախեցեք»։ 8 Նրանք աչքերը բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։

9 Լեռան վրայից իջնելիս Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Այդ տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։ 10 Աշակերտները նրան հարցրին. «Արդ դպիրներն ինչո՞ւ են ասում, թե նախ Եղիան պետք է գա»։ 11 Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կվերահաստատի։ 12 Սակայն ես ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն եկել է, բայց նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես կամեցան։ Այդպես էլ Մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու»։ 13 Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց։

Դիվահար տղայի բժշկումը

(Մրկ. 9.14-29, Ղուկ. 9.37-44)

14 Երբ նրանք ժողովրդի մոտ եկան, Հիսուսին մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ և ասաց. 15 «Տե՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է. հաճախ ընկնում է կրակի կամ ջրի մեջ։ 16 Ես նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց նրան չկարողացան բժշկել»։ 17 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ ու մոլորյալ սերունդ, մինչև ե՞րբ պետք է ձեզ հետ լինեմ, մինչև ե՞րբ պետք է ձեզ հանդուրժեմ։ Նրան ինձ մոտ՝ այստե՛ղ բերեք»։ 18 Հիսուսը նրան սաստեց, և դևը նրա միջից դուրս ելավ, ու տղան նույն պահին բժշկվեց։ 19 Այդ ժամանակ աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին և ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»։ 20 Հիսուսը նրանց ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ "Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր", այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի։ 21 Բայց այս դիվային սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով»*։

Հիսուսը դարձյալ խոսում է իր մահվան և հարության մասին

(Մրկ. 9.30-32, Ղուկ. 9.44բ-45)

22 Երբ նրանք Գալիլեայում շրջում էին, Հիսուսը նրանց ասաց. «Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու։ 23 Նրան սպանելու են, և երրորդ օրը նա հարություն է առնելու»։ Եվ նրանք շատ տրտմեցին։

Տաճարի տուրքի վճարումը

24 Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ վճարում»։ 25 Նա ասաց. «Այո՛, վճարում է»։ Երբ նա տուն մտավ, Հիսուսը նրան կանխեց և ասաց. «Քեզ ի՞նչ է թվում, Սիմո՛ն, երկրի թագավորներն ումի՞ց են հարկը կամ տուրքը վերցնում՝ իրենց զավակների՞ց, թե՞ օտարներից»։ 26 Երբ Պետրոսը նրան պատասխանեց՝ օտարներից, Հիսուսը նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են։ 27 Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ լիճ, կա՛րթ գցիր և դուրս եկած առաջին ձուկը վերցրո՛ւ, բերանը բա՛ց արա և մի սատեր կգտնես։ Վերցրո՛ւ այն և նրա՛նց տուր իմ ու քո տեղը»։

*17.21 Հին հուն. այս համարը չունի։