Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ո…

1 Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։

2 Հարուստն ու աղքատը ընդհանուր բան ունեն. Տերն է նրանց բոլորի ստեղծողը։

3 Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։

4 Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձատրությունն են հարստությունը, պատիվն ու կյանքը։

5 Փշեր, որոգայթներ կան նենգ մարդու ճանապարհին. իր հոգին կպահպանի նա, ով նրանցից հեռանա։

6 Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։

7 Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։

8 Անարդարություն ցանողը դժբախտություն կհնձի, և նրա բարկության գավազանը կկորչի*։

9 Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։

10 Դո՛ւրս արա ծաղրողին, ու կռիվը դուրս կգնա, և վեճն ու անարգանքը կդադարեն։

11 Սրտի մաքրություն սիրողին, որի խոսքերը շնորհալի են, թագավորը բարեկամ է։

12 Տիրոջ աչքերը պահում են գիտությունը, և նա ավերում է անհավատարիմի խոսքերը։

13 Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն»։

14 Շնացող կանանց բերանը խոր փոս է. ում վրա որ բարկացած է Տերը, նա այնտեղ կընկնի։

15 Հիմարությունը կապված է երեխայի սրտին, բայց խրատի գավազանը այն կհեռացնի նրանից։

16 Ով որ զրկում է աղքատին՝ իր հարստությունը շատացնելու համար, և ով որ հարուստին է տալիս, միայն կարիքավոր կլինի։

Երեսուն իմաստուն խոսքեր

17 Ականջդ թեքի՛ր ու լսի՛ր իմաստունների խոսքերը և սիրտդ տո՛ւր իմ գիտությանը։

18 Որովհետև հաճելի է, եթե դրանք պահես քո հոգու խորքում, և դրանք բոլորն էլ հաստատվեն քո շրթունքների վրա։

19 Որպեսզի դու քո վստահությունը Տիրոջ վրա դնես, հենց այսօր սովորեցրի քեզ։

20 Չէ՞ որ երեսուն խորհուրդներով և գիտությամբ քեզ համար գրեցի,

21 Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներին* ճշմարիտ խոսքերով պատասխանես։

- 1 -

22 Աղքատին մի՛ կողոպտիր, որովհետև աղքատ է, և դատաստանում* մի՛ տրորիր դժբախտին,

23 Քանի որ Տերն է ստանձնում նրանց դատը, և նա կկողոպտի նրանց կողոպտողների անձը։

- 2 -

24 Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերացիր և մի՛ գնա ցասկոտ մարդու հետ,

25 Որպեսզի հանկարծ չսովորես նրա ուղիները, և անձդ որոգայթի մեջ չընկնի։

- 3 -

26 Մի՛ եղիր այն գրավ տվողներից*, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում.

27 Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչո՞ւ անկողինդ տակիցդ հանեն։

- 4 -

28 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։

- 5 -

29 Իր գործի մեջ հմուտ մարդու տեսե՞լ ես. նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու։

*22.8 Կսպառվի։

*22.21 Ուղարկողներին։

*22.22 Եբր. դռանը։

*22.26 Ափերը զարնողներից։