Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մշակների առակը 1 «Երկնքի արքայությունը նման է մի տանուտ…
Մշակների առակը
1 «Երկնքի արքայությունը նման է մի տանուտեր մարդու, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։ 2 Եվ մշակների հետ օրավարձը մեկ դինար համաձայնության գալուց հետո նրանց իր այգին ուղարկեց։ 3 Երրորդ ժամին* մոտ դուրս ելնելով՝ տեսավ ուրիշների, որ հրապարակում անգործ կանգնել էին։ 4 Նրանց էլ ասաց. "Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, ձեզ կտամ"։ 5 Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ և իններորդ* ժամերին դարձյալ դուրս ելնելով՝ նույն բանն արեց։ 6 Տասնմեկերորդ ժամին* մոտ ևս դուրս ելնելով՝ գտավ ուրիշների՝ անգործ կանգնած, և նրանց հարցրեց. "Ինչո՞ւ եք ամբողջ օրն անգործ կանգնել այստեղ"։ 7 Նրան պատասխանեցին. "Որովհետև ոչ ոք մեզ չվարձեց"։ Նրանց ասաց. "Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, կստանաք"։ 8 Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. "Կանչի՛ր մշակներին ու տո՛ւր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները"։ 9 Ովքեր տասնմեկերորդ ժամին էին վարձվել, եկան և մեկական դինար ստացան։ 10 Եկան նաև առաջին ժամին վարձվածները և կարծում էին, թե ավելին կստանան, սակայն նրանք էլ մեկական դինար ստացան։ 11 Բայց երբ ստացան, տանտիրոջը տրտնջացին 12 ու ասացին. "Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրեցիր մեզ, որ օրվա ծանրությունն ու շոգը տարանք"։ 13 Նա նրանցից մեկին պատասխանեց ու ասաց. "Ընկե՛ր, ես քեզ չեմ զրկում. չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր։ 14 Վերցրո՛ւ քոնը ու գնա՛։ Ես ուզում եմ այս վերջինին ևս վճարել այնքան, որքան քեզ։ 15 Մի՞թե ես իրավունք չունեմ ուզածիս պես վարվելու ունեցածիս հետ. թե՞ գուցե նախանձում ես, որ ես բարի եմ"։ 16 Այսպես էլ վերջինները կլինեն առաջիններ, իսկ առաջինները՝ վերջիններ»։
Հիսուսը կրկին խոսում է իր մահվան և հարության մասին
(Մրկ. 10.32-34, Ղուկ. 18.31-34)
17 Երբ Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում, տասներկու աշակերտներին առանձնացրեց և ճանապարհին նրանց ասաց. 18 «Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին։ Նրան մահվան են դատապարտելու 19 և հեթանոսներին են մատնելու. նա ծաղրվելու է, գանահարվելու է և խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու»։
Զեբեդեոսի որդիների մոր խնդրանքը
(Մրկ. 10.35-45)
20 Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրն իր որդիների հետ, երկրպագեց ու նրանից մի բան խնդրեց։ 21 Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինը նրան ասաց. «Ասա՛, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն. մեկը՝ քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում»։ 22 Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին. «Կարող ենք»։ 23 Հիսուսն ասաց նրանց. «Իմ բաժակը խմելու եք և այն մկրտությամբ, որով ես պիտի մկրտվեմ, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնելը ե՛ս չեմ տալիս. դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է իմ Հոր կողմից»։ 24 Երբ մյուս տասը լսեցին, զայրացան երկու եղբայրների վրա։ 25 Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ առաջնորդները տիրում են ազգերին, և իշխանավորները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ 26 Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի, 27 և ձեզանից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, 28 ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայի և շատերի փոխարեն իր կյանքը որպես փրկագին տա»։
Երիքովի երկու կույրերի բժշկումը
(Մրկ. 10.46-52, Ղուկ. 18.35-43)
29 Երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, նրանց ժողովրդի մեծ բազմություն հետևեց։ 30 Ահա ճանապարհին երկու կույրեր էին նստած։ Երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։ 31 Իսկ մարդիկ նրանց սաստում էին, որ լռեն. բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։ 32 Հիսուսը կանգնեց, նրանց կանչեց ու ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ 33 Նրան ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»։ 34 Հիսուսը գթաց, նրանց աչքերին դիպավ, և նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու նրանք գնացին նրա հետևից։
*20.3 Հին հրեաների օրը տասներկու ժամ էր, ուստի՝ առավոտյան ժամը իննին։
*20.5 Այսինքն՝ «կեսօրին ու հետմիջօրեի ժամը երեքին»։
*20.6 Այսինքն՝ «ժամը հինգին»։