Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 «Ո՞ւր է գնացել քո սիրեկանը, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնդ…

1 «Ո՞ւր է գնացել քո սիրեկանը, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնդ, ո՞ւր է դարձել քո սիրեկանը, որ քեզ հետ նրան փնտրենք»։

2 Իմ սիրեկանն իջել է իր պարտեզը՝ համեմունքների ածուների մոտ՝ թափառելու պարտեզներում և շուշաններ քաղելու։

3 Ես իմ սիրեկանինն եմ, և իմն է իմ սիրեկանը, որ սնվում է շուշանների մեջ։

Հինգերորդ երգ

4 Ո՛վ իմ սիրուհի, գեղեցիկ ես դու Թերսայի պես, դուրեկան ես Երուսաղեմի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։

5 Աչքերդ ինձանից դարձրո՛ւ, որովհետև նվաճում են ինձ. մազերդ Գաղաադից իջնող այծերի հոտի են նման։

6 Ատամներդ լվացարանից դուրս եկող մաքիների հոտի են նման, որոնք բոլորն էլ երկվորյակ են ծնում, և մի ամուլ չկա նրանց մեջ։

7 Այտերդ քողիդ տակ կիսած նռան նման են։

8 Վաթսունն են թագուհիները, և ութսուն՝ հարճերը, և օրիորդներին թիվ չկա։

9 Մեկ հատիկ է իմ աղավնին, իմ կատարյալը. նա իմ մոր միակն է, իրեն ծնողի ընտրյալը։ Աղջիկները տեսան նրան և երանի տվեցին նրան, թագուհիներն ու հարճերն էլ գովաբանեցին նրան։

10 Այդ ո՞վ է, որ նայում է արշալույսի պես, գեղեցիկ է լուսնի նման, վճիտ՝ արեգակի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։

11 Ես ընկուզենիների պարտեզն իջա, որպեսզի հովտի դալարները տեսնեմ, նայեմ, թե ծլարձակե՞լ է արդյոք որթատունկը, թե՞ ծաղկել են նռնենիները։

12 Ես չգիտեի, իմ հոգին ինձ իմ ազնվական ազգի* կառքերում էր դրել։

13 Դարձի՛ր, դարձի՛ր, ո՛վ Սուլամիթ, դարձի՛ր, դարձի՛ր, որպեսզի տեսնենք քեզ։ Ինչո՞ւ պիտի նայենք Սուլամիթին, ինչպես Մահանայիմի պարին։

*6.12 Կամ Ամինադիբի։