Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փառաբանության երգ 1 Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղների…

Փառաբանության երգ

1 Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։

2 Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։

3 Նոր ե՛րգ երգեցեք նրան. լա՛վ նվագեցեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով։

4 Որովհետև արդար է Տիրոջ խոսքը, և նրա բոլոր գործերը հավատարմությամբ են։

5 Նա արդարություն և իրավունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ։

6 Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի շնչով՝ երկնային բոլոր մարմինները։

7 Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։

8 Թող Տիրոջից վախենա ողջ երկիրը, թող նրանից սարսափեն աշխարհի բոլոր բնակիչները։

9 Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց։

10 Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և խափանում է ժողովուրդների դիտավորությունները։

11 Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտադրությունները՝ սերնդից սերունդ։

12 Երանի՜ այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց։

13 Տերը նայում է երկնքից. տեսնում է մարդկանց բոլոր որդիներին։

14 Իր բնակության վայրից դիտում է երկրի բոլոր բնակիչներին։

15 Նրանց բոլորի սիրտը ինքն ստեղծեց. նա հասկանում է նրանց բոլորի գործերը։

16 Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։

17 Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։

18 Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը,

19 Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։

20 Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։

21 Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։

22 Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։