Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ կշտամբանքն իսրայելացիներին 1 Լսե՛ք այս խոսքը, որ Տերը խ…

Տիրոջ կշտամբանքն իսրայելացիներին

1 Լսե՛ք այս խոսքը, որ Տերը խոսել է ձեր դեմ, ո՛վ Իսրայելի որդիներ, այն ամբողջ սերնդի դեմ, որ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ասելով. 2 «Երկրի բոլոր ազգատոհմերից միայն ձեզ եմ ճանաչել, դրա համար ձեզ պիտի պատժեմ ձեր բոլոր անօրենությունների համար։

Մարգարեի գործը

3 Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։ 4 Մի՞թե առյուծը կմռնչա անտառում, եթե որս չունենա, մի՞թե կորյունը ձայն կհանի իր որջից, եթե մի բան որսած չլինի։ 5 Մի՞թե թռչունը գետնի վրա ցանցի մեջ կընկնի, եթե որոգայթը չլինի. մի՞թե ցանցը բարձրանում է գետնից, եթե մի որս որսած չլինի։ 6 Կամ երբ փող փչվի քաղաքում, ժողովուրդը չի՞ սարսափի, կամ քաղաքին չարիք կհասնի՞, եթե այն Տերը արած չլինի։ 7 Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին։ 8 Առյուծը մռնչաց, ո՞վ չի վախենա, Տեր Աստված խոսեց, ո՞վ չի մարգարեանա»։

Սամարիայի դատավճիռը

9 Ազդարարե՛ք Ազովտոսի ամրոցների վրա և Եգիպտոսի երկրի մեջ՝ ամրոցների վրա, և ասացե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների վրա և տեսե՛ք նրա միջի բազում խռովությունները և նրա մեջ գործված հարստահարությունները։ 10 Նրանք ուղիղն անել չգիտեն,- ասում է Տերը,- այլ իրենց ամրոցներում բռնություն ու հափշտակություն են դիզում»։ 11 Սրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Թշնամի՜ն պատել է երկրի շուրջը։ Նա քեզնից պիտի խլի քո ուժը, և քո ամրոցները պիտի կողոպտվեն»։

12 Տերն այսպես է ասում. «Ինչպես որ հովիվն է առյուծի բերանից երկու սրունք կամ մի ականջի կտոր ազատում, այդպես պիտի ազատվեն Իսրայելի որդիները, որոնք բնակվում են Սամարիայում՝ բազմոցի անկյունով և Դամասկոսի կերպասով զարդարված անկողնու բեկորով»։

13 «Լսե՛ք և վկայե՛ք Հակոբի տան դեմ,- ասում է Տեր Աստված՝ Զորքերի Աստվածը։- 14 Այն օրը, երբ Իսրայելի հանցանքների պատիժը կբերեմ իր վրա, կպատժեմ նաև Բեթելի զոհասեղանները. այն ժամանակ կկոտրվեն զոհասեղանի եղջյուրներն ու գետին կընկնեն։ 15 Եվ ես կկործանեմ ձմեռային տունն ու ամառային տունը, և կկորչեն փղոսկրով զարդարված տները, մեծամեծ տներն էլ կբնաջնջվեն»,- ասում է Տերը։