Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մի՛ դատիր (Ղուկ. 6.37-38, 41-42, 11.9-13) 1 «Մի՛ դատ…
Մի՛ դատիր
(Ղուկ. 6.37-38, 41-42, 11.9-13)
1 «Մի՛ դատեք, որ չդատվեք. 2 որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ 3 Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ 4 Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ "Թող շյուղն աչքիդ միջից հանեմ", երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ 5 Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերա՛նը հանիր և այդ ժամանակ կտեսնես, թե ինչպե՛ս եղբորդ աչքից շյուղը հանես։ 6 Սուրբ բանը շներին մի՛ տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն։
7 Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի. 8 որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։ 9 Կամ ո՞վ է ձեզանից այն մարդը, որից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, 10 կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ 11 Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։
Ոսկե օրենք
12 Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։
Նեղ դուռը
(Ղուկ. 13.24)
13 Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ 14 Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները։
Ծառը և նրա պտուղը
(Ղուկ. 6.43-44)
15 Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ 16 Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։ 17 Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ 18 Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ 19 Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։ 20 Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք։
Ճշմարիտ աշակերտները
(Ղուկ. 13.25-27)
21 Ոչ թե ամեն ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։ 22 Այն օրը շատերն ինձ կասեն. "Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ հրաշքներ գործեցինք"։ 23 Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. "Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ"։
Երկու տները
(Ղուկ. 6.47-49)
24 Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ 25 Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ 26 Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։ 27 Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին, զարկեցին տանը, ու այն կործանվեց, և նրա կործանումը մեծ եղավ»։
28 Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա, 29 որովհետև նրանց ուսուցանում էր իշխանություն ունեցողի պես և ոչ թե դպիրների նման։