Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ժողովրդի կեղծ զղջումը 1 Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ նա …
Ժողովրդի կեղծ զղջումը
1 Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ նա բզկտեց, բայց նա կբժշկի մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։ 2 Նա երկու օրից հետո կվերակենդանացնի մեզ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։ 3 Ճանաչենք և հետամուտ լինենք ճանաչելու Տիրոջը. արշալույսի պես ստույգ է նրա ելքը, և նա անձրևի պես պիտի գա մեզ, գարնանային* անձրևի պես, որ ոռոգում է երկիրը։
4 Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Հուդա, որովհետև ձեր բարությունը առավոտյան ամպի պես է և ցողի նման է, որը շուտով չքանում է։ 5 Ուստի մարգարեների միջոցով նրանց կոփեցի, նրանց սպանեցի իմ բերանի խոսքերով. քո դատաստանները լույսի պես կծագեն։ 6 Որովհետև ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհ, Աստծու ճանաչում, ոչ թե ողջակեզներ։ 7 Բայց նրանք Ադամի պես շրջանցում են ուխտը. այնտեղ իմ հանդեպ անհավատարմությամբ վարվեցին։ 8 Գաղաադը անօրենություն անողների քաղաք է՝ արյան հետքերով լի։ 9 Ավազակների պես մարդու հետևից դարան մտնելով՝ քահանաների խումբը Սյուքեմի ճանապարհին մարդ է սպանում և եղեռնագործություն անում։ 10 Իսրայելի տանը սոսկալի մի բան տեսա. այնտեղ է Եփրեմի պոռնկությունը. Իսրայելը պղծվեց։ 11 Քեզ համար էլ, ո՛վ Հուդա, մի հունձք կա պատրաստված, երբ իմ ժողովրդին կվերադարձնեմ գերությունից։
*6.3 Բռց. վերջին։