Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հովնանը հնազանդվում է Աստծուն 1 Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ …
Հովնանը հնազանդվում է Աստծուն
1 Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով. 2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր այն պատգամը, որ ես կասեմ քեզ»։ 3 Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե՝ Տիրոջ խոսքի համաձայն։ Նինվեն մեծ քաղաք էր՝ երեք օրվա ճանապարհորդություն մի կողմից մյուսը։ 4 Հովնանը քաղաքին մոտեցավ, մեկ օրվա ճանապարհից շրջելով քարոզում էր ու ասում. «Եվս քառասուն օր կա, ու Նինվեն պիտի կործանվի»։
5 Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն և ծոմ հայտարարեցին ու մեծերից մինչև փոքրերը քուրձեր հագան։ 6 Խոսքը հասավ Նինվեի թագավորին։ Նա վեր կացավ իր գահից և իր վրայից հանեց պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։ 7 Նինվեում հայտարարել տվեց, թագավորի ու նրա մեծամեծների անունից հրամայեց՝ ասելով. «Մարդ և անասուն, արջառ և ոչխար թող ոչինչ չուտեն, չարածեն և ջուր չխմեն, այլ 8 մարդիկ ու անասուններ թող քուրձ հագնեն և բարձրագոչ աղաղակեն Աստծուն, և ամեն մարդ թող ետ դառնա իր չար ճանապարհից և իր ձեռքերի անիրավությունից։ 9 Ո՞վ գիտե, գուցե Աստված ետ դառնա և զղջա ու մեղմացնի իր սաստիկ բարկությունը, և մենք չկորչենք»։ 10 Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ ետ դարձան իրենց չար ճանապարհից, և Աստված զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե պիտի անի նրանց. ու չարեց։