Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հուդայի համաձայնությունը՝ մատնելու Հիսուսին (Մտթ. 26.1-5, 14-16, Մ…

Հուդայի համաձայնությունը՝ մատնելու Հիսուսին

(Մտթ. 26.1-5, 14-16, Մրկ. 14.1-2, 10-11, Հովհ. 11.47-53)

1 Մոտեցավ Բաղարջակերաց տոնը, որ Զատիկ է կոչվում։ 2 Քահանայապետներն ու դպիրները առիթ էին փնտրում, թե նրան ինչպե՛ս սպանեն, որովհետև ժողովրդից վախենում էին։

3 Եվ սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ, որ տասներկուսի թվում էր։ 4 Նա գնաց, քահանայապետների և իշխանավորների հետ խոսեց, թե նրան ինչպե՛ս մատնի նրանց։ 5 Նրանք ուրախացան ու խոստացան արծաթ տալ նրան։ 6 Նա էլ խոստացավ ու հարմար առիթ էր փնտրում, որ ամբոխից հեռու Հիսուսին մատնի նրանց։

Վերջին ընթրիքը

(Մտթ. 26.17-25, Մրկ. 14.12-21, Ա Կրնթ. 11.23-25)

7 Եվ եկավ Բաղարջակերաց տոնը, երբ պետք էր զատկական գառը մորթել։ 8 Հիսուսը Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեց ու ասաց. «Գնացե՛ք, մեզ համար զատկական ընթրիքը պատրաստե՛ք, որ ուտենք»։ 9 Նրանք ասացին. «Որտե՞ղ ես կամենում, որ պատրաստենք»։ 10 Նա էլ ասաց նրանց. «Ահա երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կպատահի, որ ջրի կուժ է տանում. գնացե՛ք նրա հետևից այն տունը, ուր ինքը կմտնի։ 11 Եվ տանտիրոջն ասե՛ք. "Վարդապետը քեզ ասում է. "Որտե՞ղ է այն օթևանը, ուր ես իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ"։ 12 Եվ նա ձեզ հարդարված մի մեծ վերնատուն ցույց կտա. այնտեղ էլ կպատրաստեք»։ 13 Նրանք գնացին, գտան, ինչպես որ իրենց ասել էր, ու զատկական ընթրիքը պատրաստեցին։

14 Երբ ժամը հասավ, նա սեղան նստեց, տասներկու առաքյալներն էլ՝ նրա հետ։ 15 Նրանց ասաց. «Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ 16 Որովհետև, ասում եմ ձեզ, սրանից այլևս երբեք չեմ ուտելու, մինչև որ այն կատարվի Աստծու արքայության մեջ»։

Հաղորդության խորհրդի հաստատումը

(Մտթ. 26.26-30, Մրկ. 14.22-26)

17 Եվ բաժակը վերցրեց, գոհություն հայտնեց ու ասաց. «Առե՛ք դա ու ձեր մեջ բաժանե՛ք։ 18 Քանզի, ասում եմ ձեզ, որթատունկի բերքից այլևս չեմ խմելու, մինչև որ Աստծու արքայությունը չգա»։

19 Եվ հացը վերցնելով՝ գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում. այս արե՛ք ի հիշատակ ինձ»։ 20 Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։

Հիսուսը խոսում է իր մատնության մասին

(Հովհ. 13.21-30)

21 Սակայն ահա ինձ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վրա է։ 22 Մարդու Որդին գնում է, ինչպես որ սահմանված է. բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի»։ 23 Եվ նրանք սկսեցին իրար մեջ հարցնել, թե արդյոք իրենցից ո՛վ է, որ անելու է այդ։

Մեծը արքայության մեջ

24 Նրանց մեջ նաև վեճ ծագեց, թե իրենցից ո՛վ է մեծ համարվելու։ 25 Հիսուսն ասաց նրանց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց վրա, և նրանց վրա իշխանություն անողները բարերար են կոչվում։ 26 Բայց դուք այդպես չլինեք, այլ ձեր միջի մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։ 27 Որովհետև ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը. չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ։

Առաքյալներին խոստացված վարձատրությունը

28 Եվ դուք եք, որ իմ փորձությունների ժամանակ միշտ ինձ հետ էիք մնում։ 29 Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ իմ Հայրն էլ ինձ խոստացավ տալ արքայությունը, 30 որ իմ արքայության մեջ իմ սեղանին կուտեք ու կխմեք և կնստեք աթոռներին՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»։

Կանխասություն Պետրոսի ուրացության մասին

(Մտթ. 26.31-35, Մրկ. 14.27-31, Հովհ. 13.36-38)

31 Եվ Տերն ասաց. «Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել։ 32 Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի. իսկ դու երբ այն վերագտնես, եղբայրներիդ հաստատո՛ւն պահիր»։ 33 Նա էլ նրան ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտ ու նույնիսկ մահվան գնալու»։ 34 Եվ նա ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս, որ ինձ ճանաչում ես»։

Քսակ, մախաղ և սուր

35 Եվ նրանց ասաց. «Երբ ձեզ առանց քսակի, մախաղի ու կոշիկների ուղարկեցի, մի՞թե որևէ բանի կարոտ եղաք»։ Նրանք էլ ասացին՝ ոչնչի։ 36 Ապա նրանց ասաց. «Բայց հիմա քսակ ունեցողը թող իր հետ վերցնի, նույնը թող անի նաև մախաղ ունեցողը, իսկ չունեցողը թող իր հագուստը վաճառի և իր համար սուր գնի։ 37 Որովհետև, ասում եմ ձեզ, այս գրվածքն էլ պետք է իմ հանդեպ կատարվի՝ "Անօրենների շարքը դասվեց" (Ես. 53.12). որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է»։ 38 Նրանք ասացին. «Տե՛ր, ահա այստեղ երկու սուր կա»։ Եվ ասաց նրանց՝ բավական են։

Աղոթք Ձիթենյաց լեռան վրա

(Մտթ. 26.36-46, Մրկ. 14.32-42)

39 Հիսուսը ելավ, իր սովորության համաձայն Ձիթենյաց լեռը գնաց. աշակերտները հետևեցին նրան։ 40 Երբ այնտեղ հասավ, նրանց ասաց. «Աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք»։ 41 Ինքը նրանցից մի քարընկեցի* չափ հեռացավ և ծունկի իջած աղոթում էր 42 և ասում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ ինձանից. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։ 43 Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան, 44 և նա, սաստիկ տագնապի մեջ լինելով, ավելի եռանդուն էր աղոթում։ Նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների պես, և թափվեցին գետնին։ 45 Աղոթքից վեր կենալով՝ եկավ իր աշակերտների մոտ և տրտմությունից քնած գտավ նրանց։ 46 Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնում. վե՛ր կացեք, աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք»։

Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը

(Մտթ. 26.47-56, Մրկ. 14.43-50, Հովհ. 18.1-12)

47 Մինչ նա խոսում էր, հայտնվեց մի ամբոխ, և Հուդա կոչվածը՝ այն տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց։ Եվ մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան։ 48 Հիսուսը նրան ասաց. «Հուդա՛, Մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում»։ 49 Երբ նրա հետ եղողները տեսան, թե ի՛նչ է լինելու, նրան ասացին. «Տե՛ր, սրով զարկե՞նք»։ 50 Նրանցից մեկը քահանայապետի ծառային զարկեց ու նրա աջ ականջը կտրեց։ 51 Հիսուսը պատասխանեց. «Թողե՛ք, եղածը բավ է»։ Եվ նրա ականջին դիպավ ու բժշկեց նրան։ 52 Հիսուսն իր վրա եկած քահանայապետներին, տաճարի իշխանավորներին ու երեցներին ասաց. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի վրա՞ ելաք։ 53 Ես ամեն օր տաճարում ձեզ հետ էի, և ինձ վրա ձեռք չերկարեցիք. բայց հիմա ձե՛ր ժամն է և խավարի իշխանությունը»։

Պետրոսի ուրացումները

(Մտթ. 26.69-75, Մրկ. 14.66-72, Հովհ. 18.15-18, 25-27)

54 Եվ նրան բռնելով՝ տարան, քահանայապետի տուն մտցրին։ Պետրոսը հեռվից հետևում էր նրան։ 55 Երբ բակում կրակ էին վառել ու չորս կողմը նստել, Պետրոսն էլ նրանց մեջ նստեց։ 56 Մի աղախին, նրան կրակի մոտ նստած տեսնելով, նայեց նրան ու ասաց. «Սա էլ էր նրա հետ»։ 57 Բայց նա ուրացավ և ասաց այն կնոջը. «Ո՛վ կին, ես նրան չեմ ճանաչում»։ 58 Եվ քիչ հետո մեկ ուրիշը նրան տեսավ ու ասաց. «Դու էլ նրանցից ես»։ Իսկ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես չեմ»։ 59 Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը պնդում էր ու ասում. «Ճշմարիտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլեացի է»։ 60 Պետրոսն ասաց այն մարդուն. «Ո՛վ մարդ, չգիտեմ, թե ի՛նչ ես ասում»։ Եվ իսկույն, երբ նա դեռ խոսում էր, աքաղաղը կանչեց։ 61 Տերը դարձավ, նայեց Պետրոսին. Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Մինչև աքաղաղի կանչելը երեք անգամ ինձ կուրանաս»։ 62 Եվ Պետրոսը, դուրս ելնելով, դառնապես լաց եղավ։

63 Հիսուսին պահող մարդիկ նրան ծաղրում էին ու ծեծում։ 64 Նրա երեսը ծածկել ու հարցնում էին՝ ասելով. «Մարգարեացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։ 65 Ուրիշ շատ բաներ էլ էին հայհոյանքով ասում նրան։

Հիսուսը ատյանի առաջ

(Մտթ. 26.57-68, Մրկ. 14.53-65, Հովհ. 18.12-14, 19-24)

66 Երբ առավոտ եղավ, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներն ու դպիրները, Հիսուսին իրենց ատյան տարան ու ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։ 67 Եվ նրանց ասաց. «Եթե ձեզ ասեմ, դուք չեք հավատա։ 68 Իսկ եթե ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա։ 69 Բայց սրանից հետո Մարդու Որդին ամենազոր Աստծու աջ կողմում կնստի (Սաղ. 110.1)»։ 70 Եվ բոլորն ասացին. «Ուրեմն դո՞ւ ես Աստծու Որդին»։ Ինքն էլ նրանց ասաց. «Դուք եք ասում, որ ես եմ»։ 71 Նրանք էլ ասացին. «Մեզ էլ ի՞նչ վկայություն է հարկավոր, երբ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։

*22.41 Քարընկեցը մարդու քար նետելու տարածությունն է։