Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ամուսնալուծության մասին (Մրկ. 10.1-12) 1 Երբ Հիսուսն այս խ…

Ամուսնալուծության մասին

(Մրկ. 10.1-12)

1 Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, Գալիլեայից հեռացավ և եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ 2 Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, և նրանց այնտեղ բժշկում էր։

3 Փարիսեցիները նրա մոտ եկան և նրան փորձելու համար ասում էին. «Արդյոք թույլատրվո՞ւմ է, որ մարդն առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը»։ 4 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, որ արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2) 5 ու ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն" (Ծնն. 2.24), 6 որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։ 7 Նրան ասացին. «Ուրեմն ինչո՞ւ Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու արձակել նրան» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 5.31)։ 8 Նրանց ասաց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես չի եղել։ 9 Բայց ասում եմ ձեզ. ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում»։ 10 Աշակերտներն ասացին նրան. «Եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ավելի լավ է չամուսնանալ»։ 11 Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Ոչ բոլորն են դրան ընդունակ, այլ նրանք, ում տրված է։ 12 Որովհետև կան ներքինիներ, որոնք մոր որովայնից են այդպես ծնվել, կան նաև ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձվել, ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար են իրենք իրենց ներքինի դարձրել։ Ով կարող է այս ճանապարհով ընթանալ, թող ընթանա»։

Հիսուսն օրհնում է մանուկներին

(Մրկ. 10.13-16, Ղուկ. 18.15-17)

13 Այդ ժամանակ Հիսուսի մոտ երեխաների բերեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները հանդիմանում էին նրանց։ 14 Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիներինն է»։ 15 Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու այնտեղից գնաց։

Հարուստ երիտասարդը

(Մրկ. 10.17-27, Ղուկ. 18.18-26)

16 Ահա մեկը Հիսուսի մոտ եկավ ու ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»։ 17 Նա ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. բարին մեկն է։ Իսկ թե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պատվիրաննե՛րը պահիր»։ 18 Նրան ասաց. «Որո՞նք»։ Հիսուսն ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, 19 պատվի՛ր քո հորն ու մորը և սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ելք 20.13-16, 12, Բ Օր. 5.17-20, 16, Ղևտ. 19.18)։ 20 Երիտասարդը նրան ասաց. «Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել եմ, էլ ի՞նչ է ինձ պակասում»։ 21 Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ունեցվածքդ ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձ կունենաս. ու եկ ի՛նձ հետևիր»։ 22 Երբ երիտասարդն այս խոսքը լսեց, տրտմած հեռացավ, որովհետև մեծ հարստություն ուներ։

23 Հիսուսն աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ է երկնքի արքայություն մտնելու։ 24 Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ուղտն ասեղի ծակով ավելի հեշտ կանցնի, քան հարուստը Աստծու արքայություն կմտնի»։ 25 Երբ աշակերտները լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։ 26 Հիսուսը նայեց նրանց և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է»։

Առաքյալների վարձատրությունը

27 Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք քո հետևից. հիմա մեզ ի՞նչ կլինի»։ 28 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու։ 29 Ամեն ոք, ով իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի։ 30 Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»։