Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չորս կառքերի տեսիլքը 1 Դարձյալ աչքերս բարձրացրի և տեսա, որ ահ…

Չորս կառքերի տեսիլքը

1 Դարձյալ աչքերս բարձրացրի և տեսա, որ ահա չորս կառք է դուրս գալիս երկու սարերի մեջտեղից, և սարերը պղնձի սարեր էին։ 2 Առաջին կառքի ձիերն աշխետ էին, երկրորդ կառքի ձիերը սև էին։ 3 Երրորդ կառքի ձիերը սպիտակ էին, իսկ չորրորդ կառքի ձիերը բծավոր էին, բոսորագույն։ 4 Եվ ես պատասխան տվեցի ու ասացի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։ 5 Եվ հրեշտակը պատասխան տվեց ու ասաց ինձ. «Սրանք գալիս են ամբողջ երկրի Տիրոջ առաջ կանգնելուց, դեպի երկնքի չորս հողմերն են դուրս գալիս։ 6 Այն սև ձիերովը դուրս է գալիս դեպի հյուսիսի երկիրը. սպիտակներովը դուրս է գալիս դեպի արևմուտք,* իսկ բծավորները դուրս են գալիս դեպի հարավի երկիրը»։ 7 Եվ բոսորագույնները դուրս եկան և ձգտում էին գնալ ու շրջել երկրում։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, շրջե՛ք երկրի վրա»։ Եվ նրանք շրջեցին երկրի վրա։ 8 Եվ նա աղաղակեց ինձ ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Տե՛ս, դեպի հյուսիսի երկիր գնացողները իմ հոգին հանգստացրին հյուսիսի երկրում»։

Մարգարեություն Հեսուի պսակադրման մասին

9 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 10 «Վերցրո՛ւ ընծաները գերիներից՝ Հեղդայից, որոնք եկել են Բաբելոնից, Տուբիայից և Հեդայիայից, և նույն օրը դու ինքդ գնա՛ և մտի՛ր Բաբելոնից եկող Սոփոնիայի որդի Հովսիայի տունը։ 11 Արծաթ ու ոսկի՛ վերցրու, պսակնե՛ր շինիր և մեկը դի՛ր Հովսեդեկի որդի Հեսուի գլխին։ 12 Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Զորքերի Տերը. "Ահա մի մարդ, որի անունը Շառավիղ է. նա իր տեղից պիտի բուսնի և պիտի կառուցի Տիրոջ տաճարը։ 13 Եվ նա կկառուցի Տիրոջ տաճարը։ Նա մեծափառություն պիտի կրի և պիտի բազմի իր գահի վրա, պիտի իշխի և իր գահի վրա քահանա պիտի լինի, և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև"”։

14 Եվ պսակները պիտի լինեն Տիրոջ տաճարում իբրև հիշատակ Հելեմին, Տուբիային ու Հեդայիային և Սոփոնիայի որդի Հենին՝ իբրև հիշատակ տաճարում։ 15 Եվ հեռավորները պիտի գան ու կառուցեն Տիրոջ տաճարը։ Եվ դուք կիմանաք, որ զորքերի Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Այդ պիտի լինի, եթե ուշադրությամբ անսաք ձեր Տիրոջ ձայնին»։

*6.6 Բռց. դեպի հետ։