Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չարի և բարու վիճակը Դավթի (սաղմոս)։ 1 Մի՛ բարկացիր չարերի …

Չարի և բարու վիճակը

Դավթի (սաղմոս)։

1 Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին,

2 Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։

3 Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։

4 Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։

5 Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։

6 Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։

7 Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։

8 Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես,

9 Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։

10 Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։

11 Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։

12 Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։

13 Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։

14 Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։

15 Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։

16 Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։

17 Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։

18 Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։

19 Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։

20 Որովհետև ամբարիշտները կկորչեն, և Տիրոջ թշնամիները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը. պիտի սպառվեն ծխի նման։

21 Ամբարիշտը փոխ է վերցնում և չի վճարում, բայց արդարը ողորմած է և փոխ է տալիս։

22 Որովհետև Տիրոջից օրհնվածները ժառանգելու են երկիրը, իսկ նրանից անիծվածները կոչնչանան։

23 Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։

24 Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։

25 Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։

26 Արդարը միշտ ողորմած է և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։

27 Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։

28 Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։

29 Արդարները ժառանգելու են երկիրը և հավիտյան բնակվելու են նրա վրա։

30 Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։

31 Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։

32 Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։

33 Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։

34 Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։

35 Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։

36 Բայց  նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։

37 Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։

38 Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։

39 Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։

40 Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։