Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Հոբը պատասխանեց. 2 «Արդարև դուք եք ժողովուրդը, և…

1 Հոբը պատասխանեց.

2 «Արդարև դուք եք ժողովուրդը, և իմաստությունը ձեզ հետ մեռնելու է։

3 Ես էլ ձեզ պես խելք ունեմ. ձեզանից պակաս չեմ. և այսպիսի բաներ ո՞վ չգիտե։

4 Իր բարեկամից ծաղրվող եմ դարձել ես, որ թեև Աստծուն կանչեցի, ու նա պատասխանեց, սակայն ծաղրվում է արդարը, կատարյալը։

5 Իրենց ապահով զգացող մարդիկ արհամարհում են թշվառությունը՝ որպես նրանց բաժինը, որոնց ոտքերը սայթաքում են։

6 Ապահով են ավազակների վրանները, և հանգիստ՝ Աստծուն բարկացնողներինը, որոնք Աստծուն ձեռքների մեջ են տանում։

7 Բայց հարցրո՛ւ անասուններին, որ քեզ սովորեցնեն, և երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։

8 Կամ երկրի հե՛տ խոսիր, ու նա քեզ կսովորեցնի, և ծովի ձկները քեզ կպատմեն։

9 Ո՞վ չի հասկանա, որ Տիրոջ ձեռքն է այս բաներն արել,

10 Որ բոլոր կենդանի արարածների կյանքը նրա ձեռքին է, նաև ամեն մարդկային մարմնի հոգին։

11 Մի՞թե խոսքերն ականջը չի որոշում, և ուտող քիմքը՝ համն առնում։

12 Իմաստությունն ալևորների մեջ է, և գիտությունը՝ երկար օրերի մեջ։

13 Իմաստությունը և զորությունը նրա մեջ են. խորհուրդը և գիտությունը Աստծունն են։

14 Ահա նա կքանդի, ու չի վերաշինվի. մեկին որ բանտարկի, չի կարող ազատվել։

15 Ահա նա ջրերը հետ է պահում, երաշտ է լինում. դրանք բաց է թողնում, ու երկիրը տակնուվրա են անում։

16 Զորությունն ու իմաստությունը նրանն են. նրանն են նաև մոլորեցնողն ու մոլորյալը։

17 Նա խորհրդականներին կողոպտված է ման ածում, իսկ դատավորներին՝ հիմարացած։

18 Նա է թագավորների իշխանությունը քանդում և նա է նրանց իշխանություն տալիս*։

19 Նա քահանաներին կողոպտված է ման ածում և զորավորներին կործանում է։

20 Նա ինքնավստահներից լեզվանիությունը վերցնում է և ծերերի հասկացողությունը խլում։

21 Ազնվականների վրա անարգանք է թափում և զորավորների գոտին թուլացնում է։

22 Ի հայտ է բերում խավարի խորունկ բաները և մահվան ստվերը լույսի մեջ է դուրս բերում։

23 Ազգերին բազմացնում է և նրանց կորստյան է մատնում. ազգերին սփռում է, նաև նրանց առաջնորդում։

24 Երկրի ժողովուրդների գլխավորների խելքն առնում է և նրանց մոլորեցնում անճանապարհ անապատում։

25 Նրանք խավարում խարխափում են և լույս չունեն. նա նրանց մոլորեցնում է հարբածների պես»։

*12.18 Եբր. գոտի կապել. նշանակում է իշխանություն ունենալ։