Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մարդկության չարությունը 1 Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վ…
Մարդկության չարությունը
1 Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա և աղջիկներ ծնեցին իրենց, 2 Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, իրենց հավանածներից կին էին առնում իրենց համար։ 3 Տերն ասաց. «Իմ հոգին թող միշտ չմնա մարդու վրա, որովհետև նա մարմին է, այլ նրա կյանքի օրերը հարյուր քսան տարի լինեն»։ 4 Այն օրերին հսկաներ կային երկրի վրա. երբ Աստծու որդիները մարդկանց աղջիկների մոտ էին մտնում, նրանք որդիներ էին ծնում նրանց համար։ Սրանք այն զորավորներն էին, որ վաղուց անվանի մարդիկ էին։ 5 Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդներն ու բոլոր գաղափարները չար էին մշտապես։ 6 Եվ Տերը զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և իր սրտի մեջ տրտմեց։ 7 Տերն ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ մարդուն, որին ստեղծեցի, մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ ստեղծել եմ նրանց»։ 8 Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ։
Նոյ
9 Սրանք են Նոյի սերունդները։ Նոյը արդար և կատարյալ մի մարդ էր իր դարում։ Նոյը Աստծու առաջ քայլեց։ 10 Նոյը ծնեց երեք որդի՝ Սեմին, Քամին և Հաբեթին։ 11 Երկիրն ապականվեց Աստծու առաջ. երկիրը լցվեց անօրենությամբ։ 12 Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև ամեն մարմին երկրի վրա ապականել էր իր ճանապարհը։ 13 Աստված ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց* վերջը եկել է իմ առաջ, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ է լցված. ահա ես նրանց կոչնչացնեմ երկրի հետ։ 14 Խժաբեր փայտից մի տապա՛ն շինիր քեզ համար. տապանը շինի՛ր խորշերով և այն ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։ 15 Եվ կշինես այն այսպես. տապանի երկարությունը՝ երեք հարյուր կանգուն,* լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։ 16 Տապանին տանիք* կշինես այնպես, որ մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կդնես. ներքնահարկով, միջնահարկով և վերնահարկով կշինես այն։ 17 Եվ ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու ամեն մարմին, որի մեջ կենդանության շունչ կա երկնքի տակ. և ինչ որ կա երկրի վրա, կոչնչանա։ 18 Սակայն իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, և քեզ հետ՝ քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ 19 Բոլոր անասուններից և բոլոր էակներից*՝ բոլորից երկու-երկու հատ կբերես տապան, որպեսզի ապրեն քեզ հետ. արու և էգ լինեն։ 20 Ամեն տեսակ թռչուններից, ամեն տեսակ անասուններից, երկրի ամեն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու հատ թող գան քեզ մոտ, որպեսզի ապրեն։ 21 Եվ դու վերցրո՛ւ քեզ համար բոլոր ուտելիքներից, որոնցով սնվում են, և քեզ մո՛տ հավաքիր, որպեսզի դրանք քեզ և նրանց համար ուտելիք լինեն»։ 22 Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց։
*6.13 Եբր. մարմին։
*6.15 1 կանգունը հավասար է մոտավորապես 50 սմ-ի։
*6.16 Եբր. նշանակում է բացվածք, լուսամուտ։
*6.19 Եբր. մարմիններից։