Հին Կտակարան
Նոր Կտակարան
Փառաբանության երգ 1 Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում ե…
Փառաբանության երգ
1 Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետև դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ, 2 քանզի դու քաղաքը հողակույտի վերածեցիր, պարսպավոր քաղաքը՝ փլատակի. օտարների ամրոցը, քաղաք չլինելով, հավիտյան չի վերաշինվելու։ 3 Դրա համար քեզ պիտի պատվի հզոր ժողովուրդը, բռնավոր ազգերի քաղաքը պիտի վախենա քեզնից, 4 որովհետև դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ կարիքավորին՝ նրա նեղության մեջ, ապավեն՝ փոթորկի դեմ, հովանի՝ տաքության դեմ, երբ բռնավորի կատաղությունը պատի դեմ փոթորկի նման գա։ 5 Օտարների աղմուկը տաքության պես է անջրդի վայրում։ Դու տաքությունն ամպի ստվերով մեղմացրիր, բռնավորների երգը խլացվեց։
Աստված խնջույք է պատրաստելու
6 Զորությունների Տերը բոլոր ժողովուրդների համար այս լեռան վրա խնջույք է սարքելու յուղոտ ճաշերով, հին գինիներով, ծուծով լեցուն յուղոտ ճաշերով, հին ու զտված գինիներով։ 7 Այս սարի վրա նա վերացնելու է ծածկոցը, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին, և քողը, որը տարածված է բոլոր ազգերի վրա։ 8 Նա պիտի կլանի մահն առհավետ. Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից և իր ժողովրդի նախատինքը հեռացնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերն է ասում այս։
9 Եվ այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել.* նա՛ փրկեց մեզ։ Տերն է նա, որին հուսացինք. ուրախանանք ու ցնծանք նրա փրկությամբ, 10 որովհետև Տիրոջ ձեռքը հանգչելու է այս լեռան վրա»։
Աստված պատժում է Մովաբին
Մովաբը կոխոտվելու է նրա տակ, ինչպես որ հարդը կոխ է տրվում աղբանոցում։ 11 Եվ նա տարածելու է իր ձեռքերը դրա մեջ, ինչպես որ լողացողն է տարածում լողալիս, բայց Տերը պիտի իջեցնի նրա հպարտությունը նրա ձեռքերի հնարքների հետ։ 12 Նա պիտի խոնարհեցնի քո բարձր պարիսպների ամրությունները, ցածրացնի մինչև գետնի փոշին։
*25.9 Բռց. իրեն կսպասենք։