Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տաճարի կառուցումը նորից սկսվում է 1 Եվ Անգե մարգարեն և Ադդովի…
Տաճարի կառուցումը նորից սկսվում է
1 Եվ Անգե մարգարեն և Ադդովի որդի Զաքարիա մարգարեն Իսրայելի Աստծու անունով Հրեաստանում և Երուսաղեմում եղող հրեաներին մարգարեություն արեցին։ 2 Այդ ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն վեր կացան և սկսեցին շինել Երուսաղեմում եղող Աստծու տունը, և Աստծու մարգարեները նրանց հետ էին և օգնում էին նրանց։
3 Այդ ժամանակ նրանց մոտ եկան Գետի այս կողմի իշխան Թաթանային և Սաթրաբուզանն ու նրանց ընկերները և այսպես ասացին նրանց. «Ո՞վ է ձեզ հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու»։ 4 Այն ժամանակ ասացինք նրանց այն մարդկանց անունները, որոնք շինում են այս տունը։ 5 Եվ իրենց Աստծու աչքը հրեաների ավագների վրա էր, և նրանց չարգելեցին, մինչև որ բանը հասնի Դարեհին, և նա այն ժամանակ սրա համար հրաման տա։
6 Ահա այն նամակի պատճենը, որ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, և Սաթրաբուզանը և Գետի այս կողմում եղող նրանց ընկերները՝ ափարսաքացիները, ուղարկեցին Դարեհ թագավորին։ 7 Այսպես էր գրված այն պատգամում, որ ուղարկեցին նրան.
8 «Դարեհ թագավորին՝ շատ խաղաղություն. թագավորիդ թող հայտնի լինի, որ գնացինք Հրեաստանի գավառը՝ մեծ Աստծու տունը. այն կառուցում են մեծ քարերով և փայտ են դնում պատերում, և այս գործն արագությամբ է ընթանում և նրանց ձեռքին հաջողվում է։ 9 Հետո մենք հարցրինք այն ավագներին՝ նրանց այսպես ասելով. “Ձեզ ո՞վ է հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու”։ 10 Նաև նրանց անունները հարցրինք իրենցից՝ քեզ հայտնելու համար այն մարդկանց անունները, որ նրանց գլխավորներն են։ 11 Եվ նրանք այսպես պատասխանեցին մեզ՝ ասելով. “Մենք երկնքի և երկրի Աստծու ծառաներն ենք և շինում ենք այն տունը, որ շինված էր շատ տարիներ առաջ, որը Իսրայելի մի մեծ թագավոր շինել և ամբողջացրել էր։ 12 Բայց որովհետև մեր հայրերը բարկացրին երկնքի Աստծուն, նա նրանց Բաբելոնի քաղդեացի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը մատնեց, և նա քանդեց այս տունը, իսկ ժողովրդին գերի տարավ Բաբելոն։ 13 Բայց Բաբելոնի Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց կառուցել Աստծու այս տունը։ 14 Նաև Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից և դրանք տարել Բաբելոնի տաճարը, որոնք Կյուրոս թագավորը հանեց Բաբելոնի տաճարից և տվեց Սասբասար անունով մարդուն, որին նախարար նշանակեց։ 15 Եվ նրան ասաց. "Վերցրո՛ւ այս անոթները և գնա՛, տա՛ր դրանք Երուսաղեմի տաճարը, և թող Աստծու տունը շինվի իր տեղում"։ 16 Այդ ժամանակ այս Սասբասարը եկավ և Երուսաղեմում եղող Աստծու տան հիմքը գցեց, և այդ ժամանակից մինչև հիմա կառուցվում է և չի ավարտվել”։ 17 Եվ արդ, եթե թագավորին հաճելի է, թող որոնեն այդտեղ՝ Բաբելոնի թագավորական գանձարանում, թե արդյոք Կյուրոս թագավորի կողմից հրամա՞ն է տրվել, որ Երուսաղեմում կառուցվի Աստծու այս տունը, և այս մասին թագավորի կամքը թող ուղարկեն մեզ»։