Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ ուխտը Իսրայելի հետ 1 Սրանք են այն ուխտի խոսքերը, որ Տեր…

Տիրոջ ուխտը Իսրայելի հետ

1 Սրանք են այն ուխտի խոսքերը, որ Տերը հրամայեց Մովսեսին անել Իսրայելի որդիների հետ մովաբացիների երկրում, բացի այն ուխտից, որ արել էր նրանց հետ Քորեբի վրա։

2 Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր աչքերի առաջ արեց Տերը Եգիպտոսի երկրում փարավոնին, նրա բոլոր ծառաներին ու նրա ամբողջ երկրին, 3 այսինքն՝ այն մեծ փորձությունները, որ քո աչքերը տեսան, այն նշաններն ու մեծ հրաշքները։ 4 Տերը մինչև այսօր ձեզ չտվեց մի այնպիսի միտք*, որ իմանաք, աչքեր, որ տեսնեք, և ականջներ, որ լսեք։ 5 Քառասուն տարի ես ձեզ ման ածեցի անապատում. ձեր հագուստները չհնացան ձեզ վրա, և ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին. 6 հաց չկերաք և գինի ու օղի չխմեցիք, որպեսզի գիտենաք, թե ես եմ ձեր Տեր Աստվածը։ 7 Երբ այստեղ եկաք, Եսեբոնի Սեհոն թագավորը և Բասանի Օգ թագավորը դուրս եկան մեր առաջ՝ պատերազմելու մեր դեմ, և մենք հարվածեցինք նրանց. 8 գրավեցինք նրանց երկիրը և այն որպես ժառանգություն տվեցինք Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղին։ 9 Ուրեմն պահե՛ք այս ուխտի խոսքերը և կատարե՛ք դրանք, որպեսզի հաջողություն ունենաք ձեր բոլոր գործերի մեջ։

10 Այսօր ձեր Տեր Աստծու առջև կանգնած եք դուք բոլորդ՝ ձեր իշխանները, ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր հրամանատարները, Իսրայելի բոլոր տղամարդիկ, 11 ձեր զավակներն ու ձեր կանայք, ձեր բանակատեղիում գտնվող օտարականը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը, 12 որպեսզի մտնեք ձեր Տեր Աստծու ուխտի և նրա երդումի մեջ, որ այսօր ձեր Տեր Աստվածը կնքում է ձեզ հետ, 13 որպեսզի քեզ այսօր դարձնի իր ժողովուրդը և հենց ինքը քեզ համար լինի Աստված, ինչպես քեզ ասաց և ինչպես երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ 14 Ես ոչ միայն ձեզ հետ եմ անում այս ուխտն ու այս երդումը, 15 այլև այսօր այստեղ մեզ հետ մեր Տեր Աստծու առջև կանգնողների հետ, նաև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ այստեղ չեն։ 16 Դուք գիտեք, թե ինչպես բնակվեցինք Եգիպտոսի երկրում և թե ինչպես անցանք այն ազգերի միջից, որ դուք անցաք։ 17 Դուք տեսաք նրանց գարշելի գործերը և նրանց փայտե, քարե, արծաթե և ոսկե կուռքերը, որ նրանց մոտ էին։ 18 Ձեր մեջ թող չգտնվի մի տղամարդ, մի կին, մի ազգատոհմ կամ մի ցեղ, որ իր սիրտն այսօր շեղի մեր Տեր Աստծուց՝ գնալ ծառայելու համար այդ ազգերի աստվածներին։ Ձեր մեջ թող չգտնվի մի արմատ, որ թույն ու դառնություն բերի։ 19 Եվ երբ մեկը այս անեծքի խոսքերը լսի և իր սրտում ինքն իրեն օրհնելով՝ ասի. “Ես խաղաղություն կունենամ, եթե իմ սրտի համառությամբ ընթանամ”, որպեսզի իր ծարավին գինովություն ավելացնի, 20 Տերը չի կամենա խնայել նրան, այլ այն ժամանակ կբորբոքվեն Տիրոջ բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, և այս գրքում գրված բոլոր անեծքները կթափվեն նրա գլխին, և Տերը նրա անունը կջնջի երկնքի տակից։ 21 Տերը նրան կբաժանի Իսրայելի բոլոր ցեղերից՝ չարիքի համար այս օրենքի գրքում գրված ուխտի բոլոր անեծքների համեմատ։ 22 Հետագա սերունդները, այսինքն՝ ձեզանից հետո ծնվող ձեր զավակները, և հեռավոր երկրից եկող օտարականը, կտեսնեն այն հարվածներն ու նեղությունները, որոնցով Տերը պիտի նեղի այդ երկիրը. 23 ծծումբ, աղ և այրվածք կլինի նրա ամբողջ երկրում, որտեղ ոչ մի բան չի ցանվի, ոչ մի բան չի բուսնի, և ոչ մի խոտ չի բարձրանա ավերված Սոդոմի, Գոմորի, Ադմայի և Սեբոյիմի պես, որոնք Տերը կործանեց իր բարկությամբ և սրտմտությամբ։ 24 Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այսպես վարվեց այս երկրի հետ, ի՞նչն է այս մեծ սրտմտության և բարկության պատճառը”։ 25 Եվ կասեն. “Որովհետև նրանք դրժեցին իրենց հայրերի Տեր Աստծու ուխտը, որ նա արել էր Եգիպտոսի երկրից նրանց դուրս հանելու ժամանակ. 26 նրանք գնացին ծառայեցին ուրիշ աստվածների և երկրպագեցին դրանց, աստվածներ, որոնց բնավ չէին ճանաչել, և Տերը դրանք չէր սահմանել նրանց համար։ 27 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց այդ երկրի դեմ, որպեսզի այս գրքում գրված բոլոր անեծքները թափի նրա վրա։ 28 Տերը բարկությամբ, սրտմտությամբ և մեծ զայրույթով նրանց արմատից պոկեց իրենց երկրից և նետեց մի ուրիշ երկիր, ինչպես տեսնում ենք այսօր”։ 29 Ծածուկ բաները մեր Տեր Աստծու համար են, իսկ հայտնի բաները՝ մեզ և մեր որդիների համար հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքի բոլոր խոսքերը»։

*29.4 Եբր. սիրտ։