Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։ …

1 Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։

2 Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։

3 Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։

4 Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։

5 Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտ* անպատիժ չեն լինելու։

6 Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։

7 Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։

8 Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։

9 Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։

10 Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։

11 Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։

12 Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։

13 Թագավորներին հաճելի են արդար շրթունքները, և նրանք սիրում են ուղղախոս մարդուն։

14 Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։

15 Թագավորի դեմքի զվարթությունը կյանք է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։

16 Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։

17 Ուղղամիտների պողոտան չարությունից հեռանալն է, իր ճանապարհը պահպանողն իր հոգին է պահում։

18 Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։

19 Ավելի լավ է հեզ հոգի ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ։

20 Ով որ խոսքին ուշադիր* է, բարիք կգտնի, և երանի՜ նրան, որ Տիրոջն է ապավինում։

21 Իմաստուն սիրտ ունեցողը ողջամիտ է կոչվում, իսկ շրթունքների քաղցրությունն ավելացնում է հմտությունը։

22 Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։

23 Իմաստունի միտքն ուշիմ է դարձնում նրա բերանը և նրա շրթունքներին հմտություն ավելացնում։

24 Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։

25 Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։

26 Աշխատող անձն իր համար է աշխատում, որովհետև իր բերանը նրան դրդում է։

27 Անպիտան մարդը չարություն է նյութում*, և նրա շրթունքների վրա կարծես խանձող կրակ կա։

28 Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։

29 Բռնավոր մարդը հրապուրում է իր հարևանին և նրան տանում վատ* ճանապարհով։

30 Թարթում է աչքերը, որպեսզի նենգ բաներ մտածի, կծոտելով իր շրթունքները՝ չարություն է կատարում։

31 Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։

32 Համբերատարը զորավորից լավ է, և իր հոգին կառավարողը՝ քաղաք գրավողից։

33 Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։

*16.5 Կամ թե ձեռք ձեռքի տալով միաբանվեն։

*16.20 Բռց. ուշիմ։

*16.27 Փորում։

*16.29 Լավ չեղող։